18.05.2017 20:03

Աշխարհի ամենաերկար կատուն ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն

Աշխարհի ամենաերկար կատուն ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն

Ավստրալիական Մելբուռնում բնակվող Ստեֆի Հըրսթը չէր կարող պատկերացնել, որ 2013-ին լույս աշխարհ եկած մայն-կուն տեսակի կատուն աշխարհի ամենաարտասովոր կենդանիներից մեկը կլինի: Ստեֆին եւ նրա զուգընկերը՝ Ռոուեն Լոուրենսը շիկահեր կենդանուն ձեռք բերեցին, երբ նա 12 շաբաթական էր: Այժմ չորսամյա Օմարը 120 սանտիմետր երկարություն ունի: Սոցցանցերում նրա երկրպագուների թիվն օրեցօր աճում է, եւ Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները խնդրել են նրա տիրուհուն՝ ուղարկել կատվի տվյալները: Այս պահին պաշտոնական ռեկորդակիրը Օմարի 118 սանտիմետրանոց ցեղակիցն է, որն ապրում է անգլիական Յորքշիրում:

Հըրսթը կատվի համար Ինստագրամում հաշիվ է բացել երկու շաբաթ առաջ, սակայն էջն արդեն 15 հազար բաժանորդ ունի: Օմարի ամենահայտնի լուսանկարը մեկ շաբաթում 270 հազար «լայք» է հավաքել:

Կատվի տերերն արդեն ուղարկել են տվյալները Գինեսի գրասենյակ, սակայն նրանք վստահ են, որ Օմարը փառքի հետեւից չի վազում: Տիրուհու կարծիքով, նա կնախընտրեր օրերով ննջել բատուտի վրա, ծամել կենգուրուի միս եւ գիշերները խանգարել տերերի քունը:  

BBC