19.05.2017 09:30

Մոուրինյո. Հուսով եմ՝ ինձ չեք սպանի, երբ տեսնեք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը առաջիկա խաղում

Մոուրինյո. Հուսով եմ՝ ինձ չեք սպանի, երբ տեսնեք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը առաջիկա խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության վերջին տուրի՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ հանդիպումից առաջ կրկին բողոքել է թիմի խաղային բարդ օրացույցից: Մանկունիանցիները Պրեմիեր լիգայում իրենց հանդիպումը կանցկացնեն մայիսի 21-ին, իսկ մայիսի 24-ին կխաղան Եվրոպա լիգայի եզրափակչում՝ մրցելով «Այաքս»-ի հետ:

««Մանչեսթեր Յունայթեդ»-ը 6-րդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելաս»-ը դուրս չի մնա առաջնությունից, այդ պատճառով էլ արդյունքը նշանակություն չի ունենա: Աշխարհի ցանկացած այլ երկրում հանդիպումը կտեղափոխեին ուրիշ օր: Դրա մասին չեմ խնդրել ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ ավելորդ ժամանակ չեմ վատնում ոչնչի համար: Երբ ես իմանում եմ, որ ճակատամարտը պարտված է, չեմ մտնում մարտի մեջ:

Արդեն 20 տարի է, ինչ այստեղ եմ և ոչ մի անգամ նույնիսկ ակնարկ չեմ լսել, որ նրանք մտահոգվում են անգլիական թիմերի համար, որոնք հանդես են գալիս եվրագավաթներում: Երբեք ոչ մի օգնություն չեմ տեսել՝ ուղղված «Չելսի»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին կամ «Մանչեսթեր Սիթի»-ին: Դա ինձ հիասթափեցնում է: Հույս ունեմ, որ դուք ինձ չեք սպանի՝ տեսնելով թիմի կազմը «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: