18.05.2017 23:25

ԵԱՀԿ-ն եւ Մոսկվան հաստատում են. Շփման գծում վերջին միջադեպերը Ադրբեջանն է հրահրել

ԵԱՀԿ-ն եւ Մոսկվան հաստատում են. Շփման գծում վերջին միջադեպերը Ադրբեջանն է հրահրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են, որ մայիսի 15-ին հրադադարի ռեժիմը ԼՂ հակամարտության շփման գծում խախտվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Կազմակերպության պաշտոնական կայքում համանախագահների անունից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։

«Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում է և տագնապի առիթ», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ իրադարձությունների պատճառների, դրա հետևանքով զոհերի կամ վնասների մասին իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք արձանագրվել են վերջին օրերին ու կոչ անում կողմերին անել հնարավորը՝ հակամարտության գոտում հետագա հնարավոր լարումից խուսափելու համար», - ամփոմում են համանախագահները:

Ավելի վաղ գրեթե նույն ձեւակերպումներով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հաստատել, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է, եւ դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը: «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը», - ասել է Զախարովան: