19.05.2017 11:21

ՄԱԿ. Ռումբը նոութբուքում՝ ընդամենը ժամանակի հարց է

ՄԱԿ. Ռումբը նոութբուքում՝ ընդամենը ժամանակի հարց է

Ինքնաթիռներում ծայրահեղականների կողմից նոութբուքերի և պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերը, գործնականում, անխուսափելի են, և դա ընդամենը ժամանակի հարց է, կարծում են Միավորված ազգերի կազմակերպության հակաահաբեկչական կոմիտեում:

«Հարցը պետք է ձևակերպել ոչ թե՝ դա տեղի կունենա՞, այլ՝ ե՞րբ տեղի կունենա»,- հայտարարել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան Պոլ Լաբորդը:

Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և ԵՄ իշխանությունները որոշում կայացրին ձեռքի ուղեբեռում չարգելել նոութբուքերի ու պլանշետների տեղափոխումը Եվրոպայից ԱՄՆ մեկնող օդանավերով:

Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթերում պայթյուններ կազմակերպելու սպառնալիքը չափազանց լուրջ է: Նա պարզաբանել է, որ եվրոպական երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետության» այն գրոհայինները, որոնք Եվրոպա են վերադառնում Սիրիայից և Իրաքից: ԻՊ-ն դիրքերը զիջում է Սիրիայում և Իրաքում, ինչի արդյունքում եվրոպական պետություններից հավաքագրված գրոհայինները վերադառնում են իրենց երկրները: Լաբորտի խոսքով՝ նրանք ավելի վտանգավոր են, քան նախկինում հարձակումներ կազմակերպած ահաբեկիչները:

Փոխանցում է BBC-ն: