19.05.2017 12:57

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանը նոր նախագահ է ընտրում, երկրի բոլոր բնակավայրերում բացվել են ընտրատեղամասերը, այսօր առավոտյան հաղորդել է ազգային ընտրական հանձնաժողովը:

Ձայնի իրավունք ունի մոտավորապես 56 միլիոն մարդ: Բացված ընտրատեղամասերի թիվը ս 63 հազար է:

Թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Տաբան և պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը: Եթե թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չհավաքի ձայների 50 %-ը, ապա մեկ շաբաթ անց կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ քվե ստացած երկու թեկնածուները:

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նախագահը երկրի առաջնորդից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է: Նա պատասխանատու է սահմանադրության կատարման համար և ղեկավարում է գործադիր իշխանությունը բոլոր ոլորտներում, բացի նրանցից, որոնք անմիջականորեն ղեկավարվում են երկրի առաջնորդի կողմից: Նախագահն ընտրվում է չորս տարով, ուղիղ քվեարկությամբ, նա կարող է անընդմեջ ընտրվել երկու ժամկետ:

Նախագահը պետք է ընտրվի կրոնական-քաղաքական գործիչների շարքից և համապատասխանի հետևյալ պահանջներին՝ «իրանական ծագում, Իրանի քաղաքացիություն, ղեկավարման և կազմակերպական ընդունակություններ, արժանավայել կենսագրություն, աստվածավախություն, հավատ Իսլամական Հանրապետության հանդեպ և պատկանելություն երկրի պաշտոնական դավանանքին»: Թեկնածուի տարիքը չպետք է 40-ից պակաս և 75-ից ավելի լինի:

Փոխանցում է ria.ru-ն: