19.05.2017 13:35

Մանդատը վայր դնելուց հրաժարված երեք պատգամավոր վայր են դնում մանդատները

Մանդատը վայր դնելուց հրաժարված երեք պատգամավոր վայր են դնում մանդատները

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Արտյոմ Ծառուկյանն ու Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել, նրանք վայր են դնում պատգամավորի մանդատները: Ընդ որում, բոլոր երեքը այն 11-ի թվում են, որոնք մայիսի 4-ին հրաժարվել էին իրենց անունից տարածված՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումներից:  

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները հետ չվերցնեն իրենց դիմումները, դրանք կհամարվեն ընդունված:
Հիշեցնենք, որ նրանք «Ծառուկյան» դաշինքի այն 8 պատգամավորներից են, որոնք սկզբում ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, ապա հրաժարվել իրենց դիմումներից եւ վերցրել պատգամավորական մանդատները: 

«Ծառուկյան» դաշինքում մանդատները վայր դնելու գործընթացը սկսվել էր ընտրություններից հետո, տասնյակից ավելի պատգամավորների անունից հայտարարություն տարածվեց, որ նրանք վայր են դնում մանդատները: Սակայն ԿԸՀ նիստում, հարցի քննարկման ժամանակ անձամբ ներկա 11 պատգամավոր հրաժարվեց մանդատը վայր դնելու մասին դիմումներից: Նրանցից 8-ը, այդ թվում՝ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը եւ Արտյոմ Ծառուկյանը, մանդատ ստացան: