19.05.2017 15:51

Վարչապետը Պետգույքի կառավարման վարչությունում ուզում է տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ

Վարչապետը Պետգույքի կառավարման վարչությունում ուզում է տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, տեղեկացնում է կառավարության տեղեկատվական ծառայությունը: Կարապետյանը նշել է, որ վարչությունը պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց:

«Դա չափազանց կարևոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ, և եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով պետական գույքի օպտիմալացումը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը, հնարավորությունների ստեղծումը, որոնք կարող են նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր զեկույցում անդրադարձել է վարչության գործառույթներին, ներկայացրել հիմնական բարեփոխումների ուղեցույցը, որը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով լուրջ օգուտ կբերի պետությանը, պետական բյուջում կավելանան նոր մուտքեր: Նշվել է, որ պետական գույքի վաճառքի շուկայի ակտիվացման նպատակով ներկայացվել են ներդրումային գրավչություն ունեցող 13 անշարժ գույքի վաճառքի նախագծերի գնահատականներն ու բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները, կազմվել են տվյալ անշարժ գույքերի տեղափոխման հնարավոր տարբերակները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կազմում է 240 մլն դոլար: Այն ներկայացվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

«Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարևորեք ձեր օղակը, գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում և այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ պետական գույքի օտարման գործում կարևորելով նաև կապիտալի շուկայի ակտիվացումը: