19.05.2017 18:33

Առաքել Թավրիզյան. Դե լռեք, սոխակներ...

Առաքել Թավրիզյան. Դե լռեք, սոխակներ...

Դաշնակցական մամուլը պառլամենտի նիստում Սերժ Սարգսյանի ելույթին չի անդրադառնում: Անդրադառնա, որ ի՞նչ ասի: Ղարաբաղի հարցում կոալիցիոն իշխանության «վերին» նիշը սահմանված է. Կազանի փաստաթուղթը ԵԱՀԿ քարտուղարությանը դեպոզիտ տրված չէ, եւ բանակցությունները շարունակվում են այդ «ծիրին մեջ»: Սա արդեն ոչ թե նախագահ Տեր-Պետրոսյանն է ասում, այլ կոալիցիայի «պախան» Սերժ Սարգսյանը, որի դեմ լեզու շարժելու համարձակություն «պանարմենական» կուսակցությունը չունի: Ի տարբերություն Յըլդըզ սարայի, որի դեմ դոնքիշոտյան կռիվը շարունակվում է, Բաղրամյան 26-ում նստած է կոնկրետ մարդ, որը կոնկրետ հարցեր է լուծում, թե իշխանությունից ով ինչքան փայ ունի: Եւ Դաշնակցությունը հերթ կանգնածների մեջ է, արդեն ձեռքը պարզած սպասում է համապատասխան հրամանագրերի: Իշխանության «լուսապայծառ արեւի» տակ տեղ ունենալու համեմատ ի՞նչ է Ղարաբաղի խնդիրը, որ դրա երեսից հարյուրչգիտեմքանիամյա կուսակցությունը գնա եւ խարակիրի անի: Դաշնակցությունը նույնիսկ մեկուկես միլիոն ժողովրդի բնաջնջումից հետո ատրճանակը չտարավ քունքին, հիմա ի՞նչ է եղել որ...

Արտառոց ոչինչ չի եղել, Սերժ Սարգսյանը վերջապես խոստովանել է, որ ապրիլյան էսկալացիայից հետո էլ Ղարաբաղի կարգավորման կոնցեպցիան նույնն է՝ Մադրիդյան սկզբունքներ, դրանց հիման վրա մշակված Կազանի փատաթուղթ: Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ հեծանիվ հայտնագործելու ֆանտազիա չկա, ղարաբաղյան կարգավորումը ենթադրում է հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ ամենավերջում՝ Ղարաբաղի բնակչության ռեֆերենդում: Եւ դաշնակցական սոխակները դրա դեմ լուռ են: Այսինքն, համաձայն են: Կամ համաձայն չեն, բայց չեն արտահայտվում՝ դա արդեն կոալիցիայի «պախանի» պարզելու խնդիրն է:

Կարեւորը, որ Սերժ Սարգսյանը տվել է մեկնարկը: Պառլամենտի նիստում նրա ելույթը քաղաքական ծրագիր է, որից ոչ մի տող չես ջնջի: Թեեւ, իհարկե, Դաշնակցության լռության դիմաց գտնվում է «շուստրի» մեկնաբան, որը տալիս է իրավիճակի «օրիգինալ» բացատրություն: Իբր, գաղտնազերծելով բանակցությունները, Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցը հանձնում է պառլամենտին եւ տողատակում ակնարկում, որ դեպուտատները տապալեն Կազանի փատաթուղթը: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/153810 Բանակցողը խոսում է, որ պատրաստ է, բայց Ադրբեջանը հրաժարվում է, երկարաձգում ստատուս քվոն, որովհետեւ կարծում է՝ ժամանակն իր օգտին է աշխատում, իսկ պսեւդոքաղաքագետը կաշվից դուրս է գալիս, որպեսզի հասարակությանը ներշնչի, որ «պախանը բլեֆ է անում»:

Դաշնակցությունը, երեւի, պահեստային սոխակներ ունի, որոնց հարկ եղած դեպքում ծլվլացնում է: Բայց ծլվլացնում է, որ ի՞նչ անի, կոալիցիայում տեղը ամրացնի՞, թե Ղարաբաղի հարցի առիթով իշխանության հետ նոր առեւտուր սկսի: Բոլոր երգերը երգված են: Սերժ Սարգսյանի ելույթի մեսիջը մեկն է՝ դե լռեք, սոխակներ, էլ մի ծլվլաք...

Կոմեդիան ավարտված է, գալիս է սուբստանտիվ որոշումներ կայացնելու ժամանակը...