19.05.2017 18:44

Գագիկ Քամալյան. Այդպես էլ որևէ մեկը չբացատրեց, թե ինչ է ազգային գաղափարախոսությունը

Գագիկ Քամալյան. Այդպես էլ որևէ մեկը չբացատրեց, թե ինչ է ազգային գաղափարախոսությունը

Գագիկ Քամալյանը Ֆեյսբուքում գրում է.

«Այդպես էլ որևէ մեկը չբացատրեց, թե ինչ է նշանակում ազգային գաղափարախոսությունը:
Արդյո՞ք այդ ազգային գաղափարախոսության մեջ հայաստանցի լիբերալը, սոցիալիստը, ազգայնականը... համատեղվում են, թե՞ ոչ: 
Այդ գաղափարախոսությունն ընտրական գործընթացների ժամանակ ինչպիսի՞ ընտրության առջև է կանգնեցնելու ազգին: Եթե չեմ սխալվում՝ բոլորս սահմանադրությամբ ունենք ընտրելու իրավունք. եթե ունենք ընտրելու իրավունք, ապա նաև ունենք իրարից տարբերվող կարծիքներ արտահայտելու ու կենսագործելու իրավունք: 
Ազգայինը հանրային պատկերացումներում մշակութային ու կենցաղային սովորությունների ամբողջացում է, բայց ոչ երբեք՝ քաղաքական միաձև մտածողության ամբողջացում:

Այն, ինչի մասին չխմորված ազգայնականները խոսում են, դա գաղափարական դիկտատուրայի մասին է, երբ մի ողջ ժողովրդի պարտադրում ես միաձև մտածողություն ու զրկում նրան իրավական սուբյեկտ դառնալու հնարավորությունից: Այդպես կարող ես մարդուն պարտադրել թեոկրատական կամ միլիտարիստական գիտակցության ձև: Օրինակ, Հյուսիսային Կորեան ապրում է գաղափարախոսական դիկտատուրայի ներքո: Այնտեղ ոչ մեկը չի կարող շեղվել միլիտարիստական հռետորիկայից... Հիմա ի՞նչ եք ցանկանում, վերցնենք ու ողջ ազգի հետ խոսենք պարտադրանքի լեզվով, չենթարկվողներին էլ գնդակահարե՞նք: 
Ախր ո՞նց չեք ուզում հասկանալ, որ մեր խնդիրը հենց նմանատիպ պատկերացումներն են: Այսօր հայաստանցի մարդը դարձել է կրիմինալ հայրենասեր, որովհետև տասնամյակներ շարունակ մեր քաղաքական ու մշակութային էլիտաները այդպես էլ չկարողացան հեղափոխել երկու կարևորագույն դպրոցները, մեկը՝ փողոցային դպրոցը, մյուսը՝ հանրակրթական հաստատությունները։ Փողոցում երեխան գողական ընկալումներ է ձեռք բերում, իսկ հանրակրթական հաստատություններում՝ թուրքին ատելու սահմանափակ հայրենասիրություն: Ահա ձեզ միաձև մտածողություն, որն այսօր երկրում թելադրում է քաղաքականություն:

Դուք պահանջում եք ազգային գաղափարախոսություն, բայց իրականում չեք էլ գիտակցում, որ ազգը վաղուց ապրում է ձեր պատկերացումների համաձայն: Սովետական շրջանի գողականությունն ու դաշնակցական հայրենասիրությունը հենց այն մեխն են, որոնց արդյունքում հայաստանցի մարդը կորցրել է իր իրավական նշանակությունը ու դարձել ընդամենը կենսաբանական զանգվածի մի մասնիկ: 
Այս ամենի մասին խոսեցի, որովհետև, մշտապես իրական խնդիրները թողած, որոշ քարոզիչներ մոլորեցնում են առանց այդ էլ մոլորված հասարակությանը: Մարդիկ պետք է հստակ հասկանան, որ իրենց խնդիրը ոչ թե միաձև մտածողության բացակայությունն է, այլ ընդհակառակը՝ բազմաձև ու բազմաբովանդակ մտածողության բացակայությունն Է, քանզի ժամանակակից աշխարհում մրցունակ են այն հասարակությունները, որտեղ ազգային սովորությունները ու բազմակարծությունը միաձուլված են»: