19.05.2017 20:21

Արսեն Գրիգորյան. Թափառական շներն ու կատուները՝ ՀՀ քաղաքացինե՞ր

Արսեն Գրիգորյան. Թափառական շներն ու կատուները՝ ՀՀ քաղաքացինե՞ր

Հանրապետականը 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնի 4 միլիոնի: Շշմելի հայտարարություն է: Այսինքն, վերացնելու են արտագաղթին նպաստող բոլոր արատները: Այսինքն, կոռուպցիա չի լինելու: Այսինքն, Ղարաբաղի հարցը արանքից վերանում է:

Որովհետեւ եթե սրանք չեն լուծվելու, մնում է խրախուսել բազմակնությունը: Ոչ թե խրախուսել, այլ պարտադիր դարձնել: Ոչ թե պարտադիր դարձնել, այլ արական սեռի ամուսնական տարիքը հաշվել 13-ից ու 14-ում պարտադրել կապվել միանգամից 2-3 աղջկա հետ: Ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում, նա, ով խոստացել է, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնի 4 միլիոնի, դա անելու ուղիները պետք է ցույց տա անձամբ: Այսինքն, որքան որ պարտադիր է զինծառայությունը, նույնքան եւ պարտադիր է լինելու, որ յուրաքանչյուր հայ կին խոստացողից պետք է հնգյակ ծննդաբերի: Օրենքով: Ընդ որում, էդ ընթացքում պետք է փակվեն Հայաստանի սահմանները: Որովհետեւ եթե չես կարող կանխել, որ ադրբեջանցի դիպուկահարը կարող է սպանել քո զինվորին, որն ապագա հայր է, գոնե կարող ես փակել սահմանները, որ ոչ մի արու էս երկրից չթռնի, նա պոտենցիալ հայր է:

Կարծում եք ծիծաղելի՞ հայտարարություն է: Երբեք: Ծիծաղելի կլիներ, եթե ասեր, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանում բացառվում է Արմեն Աշոտյանի կամ Միհրան Պողոսյանի տեսակը, որը լրագրողների աչքերի մեջ նայելով ասում է՝ ինտրիգներ անելով առնվազն մեկ հոգու մեջ ավելացնում եք արտագաղթելու ցանկությունը: Ծիծաղելի կլիներ, եթե ասեր, որ մինչեւ 2040-ը Հայաստանում չի լինելու մեկը, որի մտքով կանցնի կաշառք բաժանելով ընտրովի պաշտոն զբաղեցնել: Իսկ ինքը նման բաներ չի ասում: Ոչ միայն չի ասում, այլեւ խորհրդարան է բերում երիտասարդների, որոնք բացի ամբողջ կյանքում այս կամ այն հանրապետականին քծնելուց ուրիշ ոչինչ չեն արել, այլեւ արդեն հասցրել են նույնը սովորեցնել իրենց 4-5 տարեկան երեխաներին:

Կա նաեւ սփյուռքահայերի մի մասին ՀՀ քաղաքացու անձնագիր բաժանելը: Առանց նույնիսկ նրանց կարծիքը հարցնելու: Կա նաեւ քաղաքացիներին հորինելու տարբերակը: Կա տարբերակ, - ես չեմ ծիծաղում, Հանրապետականից դա սպասելի է,- թափառող շներին ու կատուներին ՀՀ քաղաքացի դարձնելը: Ի վերջո արդեն իսկ ՀՀ քաղաքացի համարվող որ մեկի կյանքն է ավելի լավը այդ թափառող շան ու կատվի կյանքից, եթե նա ՀՀԿ-ական չէ: Կա մեռածներին «հարություն» տալու տարբերակը, որը նույնն է, որ չեղյալ համարեն մահվան գրանցումը: Էսպիսի՞ բաներ է արել Հանրապետականը: Այս կուսակցության երեւակայությունն արդեն 18 տարի հերիքում է ամենայն անբարոյականին: Նրանց համար ի՞նչ խնդիր, ասենք, ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանին կլոնավորելն ու այս պետության «ջանին» բաց թողնելը: Ձեռքի հետ էլ անշեղորեն կավելանա հանրապետականների թիվը:

Բայց նույնիսկ այս ամենն անելու համար աշխատանք է պահանջվում: Իսկ ՀՀԿ-ն սովոր չէ աշխատել: Աշխատող ՀՀԿ-ականն արդեն կիսով չափ ՀՀԿ-ական չէ: Աշխատող ՀՀԿ-ականը ոնց որ քրիստոնյա իսլամիստը: Ուրեմն այլ բան պետք է արվի բոլոր այս «թիթիզությունների» փոխարեն: Մոտավորապես այն, ինչ անում է Ստեփան Մնացականյանի գլխավորած Ազգային վիճակագրության ծառայությունը կամ Տիգրան Մուկուչյանի ղեկավարած ԿԸՀ-ն՝ պարզապես թվեր նկարել: Ընտրություններին եւ մարդահամարի ժամանակ նկարում են, չէ՞, այդ թվերը: Հետեւաբար, քանի դեռ նկարելը կա, 2040-ին 4 միլիոն ՀՀ քաղաքացի ունենալը անհնարին բան չէ:

Ավելին, կարելի է առկա բոլոր քաղաքացիներին վերացնել, չունենալ փաստացի, ասենք, 50 հազար ՀՀ քաղաքացի 2039-ի դեկտեմբերին, բայց 2040-ի հունվարի 1-ին ստույգ ունենալ 4 միլիոն ՀՀ քաղաքացի: Եվ եթե կա մեկը, որին ծիծաղելի է թվում խորհրդարանում հնչած այս հավաստիացումը, վստահեցնում եմ՝ ծիծաղելին դուք եք: Այնքան ծիծաղելի եք, որ չեք էլ մտածում, որ ՀՀԿ-ն միայն առողջ բանականությունն է խնայել ոմանց՝ չհայտարարելով, որ արդեն իսկ այսօր մենք 4 միլիոն ենք: Թեպետ ի՞նչ իմանաս, գուցե այսօր մենք 10 միլիոն ենք եւ 2040-ին պիտի հասնենք 4 միլիոնի՞: Չէ՞ որ ՀՀԿ-ն միշտ իմացել է՝ ինչ է ասում: