21.05.2017 11:39

Իրան. Հասան Ռոուհանին հաղթել է նախագահական ընտրություններում

Իրան. Հասան Ռոուհանին հաղթել է նախագահական ընտրություններում

Իրանի պետական հեռուստատեսությունը շնորհավորել է երկրի նախագահ Հասան Ռոուհանիին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ:

Նախնական արդյունքների համաձայն՝ Ռոուհանին հաղթել է նախագահական ընտրություններում՝ մեծ տարբերությամբ առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ պահպանողական հոգևորական Էբրահիմ Ռաիսիից, և երկրորդ ժամկետով կզբաղեցնի նախագահի պաշտոնը:

Իրանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ գրեթե 39 մլն քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ Ռոուհանին ստացել է 22,8 մլն քվե, իսկ Ռաիսին՝ 15,5 մլն: Ձայների ավելի քան 50 %-ով հաղթանակը գործող նախագահին թույլ է տալիս խուսափել երկրորդ փուլից:

56-ամյա Էբրահիմ Ռաիսին, որը, ըստ երևույթին, վայելում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի աջակցությունը, արդեն բողոք է ներկայացրել՝ հայտարարելով քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների մասին: Մասնավորապես՝ նա Ռոուհանիի կողմնակիցներին մեղադրել է ընտրատեղամասերում քարոզչություն անելու մեջ, ինչն ընտրությունների մասին օրենքի խախտում է:

Փոխանցում է BBC-ն: