22.05.2017 21:49

Թուրքիան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Վաշինգթոնում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ

Թուրքիան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Վաշինգթոնում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ

Թուրքիայի ԱԳ նախարարությունը ԱՄՆ դեսպան Ջոն Բեսին բանավոր եւ գրավոր բողոք է ներկայացրել՝ մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում է HurriyetDailyNews-ը:

Ըստ աղբյուրի, բողոքը կապված է ԱՄՆ ոստիկանության կողմից դեպքի վայրում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի երկու թիկնապահներին բերման ենթարկելու հետ, այն դեպքում, երբ վերջիններս դիվանագիտական անձեռնմխելիությամբ են օժտված:

Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնապես դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով միջադեպի «համապարփակ հետաքննություն» անցկացնել եւ «անհրաժետ պարզաբանումներ» ներկայացնել:

Թուրքիան նաեւ ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ Միացյալ Նահանգները «անվտանգության բավարար միջոցներ» չեն ձեռնարկել Էրդողանի այցը ապահովելու համար:

Մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի կոցավայրի մոտ Թուրքիայի նախագահ Էրդողանի (ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ նախարար Չավուշօղլուի) թիկնապահները հարձակվել են մոտակայքում քրդերի իրավունքների համար բողոքի ցույց անցկացնող խաղաղ ցուցարարների վրա: Միջադեպի հետեւանքով 9 մարդ վնասվածքներ է ստացել: Ցուցարարների թվում էին նաեւ տեղի հայ, եզդի եւ հույն համայնքների ներկայացուցիչներ: Ավելի ուշ տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ միջադեպին անձամբ հետեւել է Էրդողանը: