30.05.2017 16:41

Լավրովը մեկնաբանել է Մակրոնի խոսքը ռուսական ԶԼՄ-ների «պրոպագանդա» լինելու մասին

Լավրովը մեկնաբանել է Մակրոնի խոսքը ռուսական ԶԼՄ-ների «պրոպագանդա» լինելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ռուսաստանյան Sputnik և RT լրատվական գործակալությունների ստահոդ քարոզչության մասին հակառուսաստանյան կամպանիայի շարունակությունն են, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:

«Կարծում եմ՝ այդ գնահատականներում արտացոլվել է այն հակառուսաստանյան կամպանիայի իներցիան, որը դեռ Օբամայի վարչակարգն էր սանձազերծել, և մի շարք եվրոպական երկրներ միացել էին այդ կամպանիային»,- ասել է նախարարը:

Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո մամլո ասուլիսում Էմանուել Մակրոնը բավական խիստ է արտահայտվել Հինգերորդ հանրապետության նախագահական ընտրությունների շրջանում Sputnik և RT լրատվական գործակալությունների գործունեության մասին՝ նրանց անվանելով ազդեցության և ստահոդ քարոզչության գործիքներ:  «Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել արտասահմանյան լրագրողների հետ, քանի որ նրանք լրագրող են: … Երբ մամուլի օրգանները ստորաբար տարածում են այն, ինչը հակասում է ճշմարտությանը, նրանք լրագրող չեն: Նրանք ազդեցության գործակալներ են: «Ռուսաստանն այսօր»-ը և «Սպուտնիկը» այս քարոզարշավի ընթացքում ազդեցության գործակալներ էին: Նրանք բազմիցս իմ և իմ ընկերության մասին ստահոդ լուրեր են հրապարակել: Դրա համար էլ ես որոշեցի նրանց չհրավիրել իմ գրասենյակ»,- հայտարարել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Վերսալում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները չափազանց բաց և ուղիղ են եղել: «Մենք տարաձայնություններ ունենք, և մենք դրանք արձանագրեցինք: Ես ձեզ ամեն ինչ չեմ պատմի՝ ինչի մասին ենք խոսել: Բայց դա լավ քաղաքականություն է»,- հայտարարել է Մակրոնը:

Փոխանցում է lenta.ru-ն: