01.06.2017 13:37

Ազնավուրը Երեւանի ինտերակտիվ թանգարանում կպատմի Ազնավուրի մասին

Ազնավուրը Երեւանի ինտերակտիվ թանգարանում կպատմի Ազնավուրի մասին

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ 
Հունիսի 1-ին Երևանում՝ երգչի Կասկադի հարեւանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Հենց այս շենքում է բացվելու Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։ Այն նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են։
Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերին:2016 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին նոր լիցք տալ  մաեստրոյի բարեգործական գործունեությանը։ Արդյունքում ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:
«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին։ Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:
Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:
 Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին և իր աշխատակազմին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին։ Այս նախագիծը իրականություն չէր դառնա առանց մեր գործընկերների, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր IdeA հիմնադրամի համահիմնադիրներ, մեր բարեկամներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և Նուբար Աֆեյանի, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին»,- ասել է Շառլ Ազնավուրը։
 «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումն է։ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը: