Համլետ Կիրակոսյան. Նա արժանապատվորեն ընդունեց ե՛ւ անեծքը, ե՛ւ օրհնությունը

Սերժ Սարգսյանը չգիտեմ քանի էջանոց ելույթ ունեցավ ՀՀԿ համագումարում. այդ ելույթի արձագանքները եղան միայն հեգնանքի, հումորի, երգիծանքի տիրույթում: Այդ ելույթը որեւէ հիմք ու թեմա չտվեց՝ ըստ էության քննարկելու քաղաքական ու գաղափարական հարցեր, բանավիճել դրանց շուրջ: Լեւոն Տեր-Պետրոսյանի կարճ ելույթը հերթական անգամ քաղաքական ու գաղափարական քննարկումների լայն ու լուրջ ծավալման առիթ դարձավ...Ահա Լ. Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերությունը...
***
Այժմ դժվար է ասել, թե Լ. Տեր-Պետրոսյանի չմասնակցելը նախագահական ընտրություններին նշանակու՞մ է արդյոք նրա վերջնական հեռացում ակտիվ քաղաքականությունից, թե՞, այնուամենայնիվ, նա մնալու ու դերակատարություն է ունենալու քաղաքական գործընթացներում՝ այս կամ այն կերպ…
Բայց միանշանակ է, որ նրա պետական ու քաղաքական դերակատարությունը եւ գործունեությունը դժվար է գերագնահատել նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ ինչպես 1988-98-ի, այնպես էլ 2008-2012 թթ շրջանի: Ու դեռ գնահատվելու է՝ թե որպես նորաստեղծ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում պետության հիմքերը դնող առաջնորդի, այնպես էլ 2007-ի վերջին իր քաղաքական վերադարձով գրեթե ոչնչից աննախադեպ շարժում ստեղծող եւ քաղաքացիական հասարակության հիմքերը գցող գործչի: Դա այդպես է, որքան էլ Լեւոնին չսիրողներ, փառաբանողներ, ատողներ, աստվածացնողներ, չընդունողներ, պաշտողներ լինեն ու տարբեր կերպ գնահատեն նրա անձն ու գործունեությունը:
Այս իմաստով դեռ տարիներ առաջ առաջին նախագահը ասել էր, թե քաղաքական գործիչը, առաջնորդը պետք է պատրաստ լինի «եւ անեծքի, եւ օրհնության»: Նա պատրաստ էր դրան եւ արժանապատվորեն ընդունեց եւ անեծքը, եւ օրհնությունը...Այդ արժանապատվությունը քչերին է տրված...
***
Քաղաքական դաշտը մնաց «սուպերգիգանտներին»՝ թե՛ այս, թե՛ այն կողմի...Դե, ձեզ տեսնենք, «սուպերիկներ», ցնցե՛ք, հոշոտե՛ք, հիասթափեցրե՛ք, փրկե՛ք, կործանե՛ք հայ հանրությանն ու պետությունը: Ցնծացե՛ք, լացե՛ք, ծիծաղե՛ք, դառնացե՛ք ու հրճվե՛ք՝ թե՛ այս, թե՛ այն կողմում: Կրկեսը սկսված է...Ծաղրածուներ, առաջ՝ դեպի արենա... թամաշայասեր հանրությունը ձեզ է սպասում...
Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը հիմա ստիպված են ընտրակաշառք բաժանել մրցակից թեկնածուներին ընտրելու համար...Առաջ, դեպի «ապահով» Հայաստան...Ուռա՜ա՜ա՜...