14.06.2017 11:05

Միխալկովը կմասնակցի հավատարմության երդման բնագրի մշակմանը

Միխալկովը կմասնակցի հավատարմության երդման բնագրի մշակմանը

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովն ընդգրկվել է Պետդումայի աշխատանքային խմբի մեջ, որը պետք է պատրաստի այն երդման բնագիրը, որ տալու են Ռուսաստանի քաղաքացիություն հայցող անձինք: Աշխատանքային խումբն առաջին անգամ կհավաքվի հունիսի 15-ին:

Բացի Միխալկովից՝ խմբում ընդգրկված են դումայի բոլոր չորս խմբակցությունների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների հարցերով նախագահի խորհրդական Միխայիլ Ֆեդոտովը, նախագահին կից՝ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան, մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի անդամ Նիկոլայ Սվանիձեն, ինչպես նաև իրավաբաններ, գիտնականներ և իրավապաշտպաններ:

Ռուսաստանի քաղաքացիություն հայցող օտարերկրացիների համար երդման տեքստի սահմանման առաջարկը Պետդումայում արվել է անցյալ ամիս՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո խորհրդարան բերված օրինագծերի քննարկման ժամանակ: Այդ փաստաթղթերի հեղինակներն առաջարկում են չեղարկել ռուսաստանյան քաղաքացիության տրամադրումն այն դեպքերում, երբ այն ստացող մարդիկ խախտում են իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանել Ռուսաստանի սահմանադրությունը և օրենքները:

Հունիսին այդ գաղափարը պաշտպանեց նաև Ռուսաստանի նախագահը: Պուտինը Պետդումայի պատգամավորներին առաջարկեց մտածել քաղաքացիություն ստանալիս երդման արարողություն անցկացնելու մասին՝ նշելով, որ նման պրակտիկա կա մի քանի այլ պետություններում:

Փոխանցում է BBC-ն: