16.06.2017 10:30

Խաղին ավելացված ժամանակի մոտեցումը փոխվել է, այլ կանոններ` խստացվել

Խաղին ավելացված ժամանակի մոտեցումը փոխվել է, այլ կանոններ` խստացվել

ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրեն Մարկո վան Բաստենը, ով Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկի կապակցությամբ Ռուսաստանում է, հայտնել է առաջիկայում ֆուտբոլի կանոններում կատարվելիք փոփոխությունների ու խստացումների մասին: Լեգենդար նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում «Sports.ru»-ն:

«Մենք մրցավարներին խնդրել ենք ավելի խիստ լինել այն պահերին, երբ ֆուտբոլիստները շրջափակում են նրանց: Ցանկանում ենք ֆուտբոլից վերացնել այդ երևույթը:

Եվս մեկ կարևոր հանգամանք է ավելացված ժամանակը: Ցանկանում ենք, որ այն ավելի ճշգրիտ լինի, որովհետև վնասվածքների ու փոխարինումների պատճառով մեծ ժամանակ ենք կորցնում: Հիմա հաճախ առաջին խաղակեսին ավելացնում են 1, իսկ երկրորդին` 3 րոպե, սակայն դա շատ քիչ է: Նույնիսկ գոլի տոնումը մեծ ժամանակ է խլում:

Գնդակը խաղի մեջ մտցնելուց առաջ դարպասապահները հաճախ այն երկար են պահում, և դա արվում է խաղային ժամանակի հաշվին: Մենք ցանկանում ենք վերջ դնել դրան, ֆուտբոլն ավելի դինամիկ դարձնել: Այդ պատճառով մրցավարներին խնդրել ենք, որ դարպասապահներին հիշեցնեն` «6 վայրկյանի օրենքը» դեռ գործում է:

Ինչ վերաբերվում է տեսակրկնությունների համակարգին (VAR) և լրացուցիչ ժամանակում 4-րդ փոփոխությանը, ապա դրանք փորձարկումների են ենթարկվելու: Գլխավոր նպատակն այն է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում այդ համակարգն օգտագործվի»,- ասել է հոլանդացին: