16.06.2017 11:00

Մեյը կարգադրել է բազմահարկ շենքի հրդեհի հրապարակային հետաքննություն անցկացնել

Մեյը կարգադրել է բազմահարկ շենքի հրդեհի հրապարակային հետաքննություն անցկացնել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է լայնածավալ բաց հետաքննություն անցկացնել՝ Լոնդոնի արևմուտքում բազմահարկ բնակելի շենքի ահռելի հրդեհի պատճառները պարզելու համար:

Հրդեհի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 17 մարդ, տասնյակ մարդիկ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, շատերը համարվում են անհայտ կորած:

Մեյը հայտարարել է, որ մարդիկ պետք է ստանան այն հարցի պատասխանը, թե ինչպես է կրակն այդքան արագ տարածվել ամբողջ շենքով մեկ:

Լոնդոնի իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճի: Հիվանդանոցներում է գտնվում հրդեհից տուժած ավելի քան 70 մարդ:

Հրապարակային կամ բաց հետաքննության դեպքում բոլոր իրեղեն ապացույցները և վկաների ցուցմունքները քննարկվում են բացեիբաց: Հետաքննության նման ձևը սովորաբար կիրառվում է, երբ որևէ արտակարգ միջադեպ է տեղի ունենում՝ մեծաթիվ զոհերով: Երբեմն այդ կարգի հետաքննությունները ցուցադրվում են հեռուստատեսությամբ:

Փոխանցում է BBC-ն: