16.06.2017 12:01

ԱՄՆ-ը Քաթարին 12 մլրդ դոլարով F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ-ը Քաթարին 12 մլրդ դոլարով F-15 կործանիչներ կվաճառի

Քաթարը ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել 12 միլիարդ դոլար ընդհանուր արժողության  F-15 ռեակտիվ կործանիչներ մատակարարելու վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը վերջնականապես համաձայնեցրել է գործարքը Վաշինգտոնում Քաթարի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում:

Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դաշնակից Քաթարին մեղադրել է «չափազանց բարձր մակարդակով» ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Քաթարի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:

Հունիսի սկզբին Մերձավոր Արևելում խոշոր դիվանագիտական բախում տեղի ունեցավ. մի քանի երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրաթները և Եգիպտոսը, հայտարարեցին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Նրանք նույնպես Քաթարին մեղադրում էին ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այդ մեղադրանքները կապված են մեկ միլիարդ դոլար փրկագնի հետ, որը, ԶԼՄ-ների տվյալներով՝ Քաթարի իշխանությունները վճարել են իսլամիստներին՝ երկրի առևանգված քաղաքացիների ազատագրման համար:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել թուլացնել Քաթարի շրջափակումը, քանի որ այն, իր կարծիքով՝ խանգարում է ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:

Քաթարում է գտնվում ամերիկյան խոշորագույն օդային ռազմակայանը Մերձավոր Արևելքում, որտեղ տեղակայված է առնվազն 10 հազար զինվորական: Այդ ռազմակայանն առանցքային դեր է կատարում ԻՊ-ի դիրքերի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գրոհների հարցում:

Փոխանցում է BBC-ն: