16.06.2017 12:51

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նախնական տվյալներով՝ Սիրիայում ոչնչացվել է  ռուսաստանյան ավիահարվածի արդյունքում, ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Մայիսի վերջերին Սու-35 և Սու-34 ինքնթիռները հարված են հասցրել Ռաքքայի հարավային արվարձանին, որտեղ տեղի էր ունենում ԻՊ-ի առաջնորդների խորհրդակցությունը:

«Ըստ տեղեկատվության, որն ստուգվում է տարբեր ուղիներով, խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքր ալ-Բաղդադին, որը հարվածի արդյունքում ոչնչացվել է»,- հայտարարել են ռուսաստանցի զինվորականները:

«Սու-35 և Սու-34 օդանավերի հարվածի արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի, այսպես կոչված՝ ռազմական խորհրդի կազմի մեջ մտնող ահաբեկչական խմբավորումների բարձրաստիճան հրամանատարներ, ինչպես նաև միջին օղակի առնվազն 30 դաշտային հրամանատար և անձնական թիկնազորերի առնվազն 300 գրոհայիններ»,- հաղորդել են Ռուսաստանի ՊՆ-ում:

Ոչնչացված ահաբեկիչների թվում են՝ Ռաքքայի էմիր Աբու ալ-Հաջի ալ-Միրսին, էմիր Իբրահիմ ան-Նաեֆ ալ-Հաջը, որոնք վերահսկում էին Ռաքքա քաղաքից մինչև Էս-Սուհնե բանկավայրն ընկած շրջանը, և ԻՊ անվտանգության ծառայության պետ Սուլեյման ալ-Շաուահը:

Ռուսաստանը ավիահարված է հասցրել ԻՊ-ի հրամանատարական կետին մայիսի 28-ին, ժամը 00:35-00:45, ահաբեկիչների պարագլուխների հանդիպման վայրի և ժամանակի մասին տեղեկատվության հաստատումից հետո:

Վերջին մի քանի տարիներին պարբերաբար հաղորդումներ էին ստացվում ալ-Բաղդադիի մահվան կամ ձերբակալության մասին, սակայն հետագայում այդ լուրերը չէին հաստատվում: Վերջին նման լուրը ԶԼՄ-ներում հայտնվել է հունիսի 11-ին, երբ բրիտանական Daily Mail-ը, հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, գրել է, որ ԻՊ-ի պարագլուխը ոչնչացվել է Ռաքքայի վրա ավիագրոհի արդյունքում:

Փոխանցում է Interfax-ը: