16.06.2017 15:25

Լիզա Ճաղարյան. Ա՛յ հեր օրհնած գյուղացի, դու հո մազոխիստ չե՞ս

Լիզա Ճաղարյան. Ա՛յ հեր օրհնած գյուղացի, դու հո մազոխիստ չե՞ս

Տեղ հասանք։ Առանց իրար հրհրելու ու ոտք տրորելու իջեք։

Նորանշանակ գյուղատնտեսության նախարարը գյուղացիներին խորհուրդ է տվել։ Խորհուրդն էլ սա է՝ եթե ի վիճակի չես պայքարելու կարկտահարության, ցրտահարության ու այլեւայլ աղետների դեմ, մի՛ զբաղվիր գյուղատնտեսությամբ։ Ուրիշ տարբերակ չկա՝ պարզ ու բացճակատ ասում է պարոն նախարար Իգնատին։ Կամ՝ սնանկանում ես, կամ՝ ձեռ ես քաշում հողուջրից։

Խելացի մարդ է։ Ուղղակի՝ իմաստուն։ Ամենակարեւորը՝ շատ անկեղծ է։ Ու ճիշտ է ասում։

Ա՛յ հեր օրհնած գյուղացի, դու հո մազոխիստ չե՞ս։ Կարող ես, չէ՞, այլ՝ ավելի հաճելի ու թեթեւ զբաղմունք գտնել։ Ի՞նչ ես օրուգիշեր արեւի, անձրեւի ու կարկուտի տակ ճռռում։ Մի քե՛զ նայիր. Ճերմակ, փափուկ մաշկդ հողագույն է դարձել, նուրբ մատներդ՝ տձեւ քոթուկներ, մեջքդ ծռվել է ուժից վեր բեռ կրելուց, հոգիդ քրքրվել է քո ստեղծած բարիքը կլանողների հեգնանքը «վայելելուց»։

Ի՞նչ ես կորցրել էդ անտերուդուս հանդերում։ Աշխարհիս երեսին, գիտե՞ս, ինչքան հաճելի զբաղմունքներ կան, զբաղվիր էլի՛. դերասանություն արա գյուղի Մեծ թատրոնում, երգիր ձեր գյուղի Օպերայում, վրձինն առ ձեռդ, կտավն էլ դիր թեւիդ տակ, գնա մի հով տեղ կանգնիր, ձեր աննման սարերը նկարիր, աստղագիտություն ուսումնասիրիր ու աստղեր հայտնագործիր, վերջապես՝ նախարար դարձիր։ Կամ՝ գոնե ժէկի պետ։ Կնոջդ էլ սիրուն-սիրուն հագցրու, ուղարկիր մանիկյուր-պեդիկյուր անելու, որ իրիկունը թեւանցուկ արած գնաք գյուղ ժամանած աշխարհահռչակ թատրոններից որեւէ մեկի ներկայացումը դիտելու։

Կամ եսիմ՝ գյուղամիջում նստեք, բլոտ խաղացեք։ Նարդի խաղացեք։ Շաշկի խաղացեք։ Քի՞չ խաղեր կան, խաղացեք էլի՛։

Էլ չասեմ, որ կարող եք ձեր եղած-չեղածը հավաքել ու ճամփա ընկնել աշխարհ տեսնելու։ Էս ի՞նչ նեղ մտահորիզոն ունեք, տնաշեններ։ Աչքներդ լայն բացեք, տեսեք՝ ինչեր են կատարվում աշխարհում։ Ուրիշներն արդեն Մարսի վրա բնակվելու պատրաստություն են տեսնում, դուք սոսնձվել եք ձեր այդ կարկտահարվող, ցրտահարվող, գնդակոծվող հողին ու պոկ չեք գալիս։ Պոկ չեք գալիս՝ հերիք չէ, դեռ մի բան էլ իշխանությունների հովվերգությունն եք խաթարում։ Դուք չեք ապրում, ուրիշներին էլ չեք թողնում ապրեն։ Շա՜տ նախանձ եք ու չկամեցող, գիտե՞ք։

Ձեզ թվում է՝ իշխանությունները ձեր բերքուբարիքի հույսի՞ն են։ Սովից սատ... մեռնելու՞ են, եթե դուք գյուղատնտեսությամբ չզբաղվեք։ Ձեռքները քարի տա՞կն է, որ դրսից չներմուծեն իրենց լափելիքը։

Ձեր հույսին շարքային հայաստանցին է, ու այդ իշխանությունը որքան որ թքած ունի քեզ վրա, թանկագին գյուղացի, նույնքան էլ թքած ունի նրանց վրա, ովքեր գոյատեւում են ձեր տքնանքի շնորհիվ։

Ու առհասարակ գյու՞ղն ինչ ցավս է 21-րդ դարում։ Մի բուռ հայ ենք։ Հավաքվենք իրար գլխի, դառնանք մի մե՜ծ քաղաք, էդ արանքներում էլ ով կապրի՝ կապրի, ով էլ սովից կմեռնի՝ բարի ճամփա, երկնքի սիրտը մեծ է, բոլորին էլ կընդունի։

Նույնիսկ Հայաստանի իշխանավորներին կընդունի։ Նախարար Իգնատի Առաքելյանին էլ՝ հետները։