16.06.2017 15:45

ԱՄՆ-ում հետախուզում է հայտարարվել Էրդողանի թիկնապահների նկատմամբ

ԱՄՆ-ում հետախուզում է հայտարարվել Էրդողանի թիկնապահների նկատմամբ

ԱՄՆ ոստիկանությունը հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինը թիկնապահներին կալանավորելու օրդեր է տվել, որոնք մասնակցել են մայիսի կեսին Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տեղի ունեցած բախումներին, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Հետախուզում է հայտարարվել նաև թուրքական ոստիկանության երեք սպաների, թուրքական ծագմամբ ԱՄՆ չորս քաղաքացիների և երկու կանադացիների նկատմամբ:

Այդ կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կանչել է պարզաբանումներ տալու: «ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ կալանքի օրդեր տալ թուրք թիկնապահների համար՝ անկախ կամ անաչառ չէ»,- ասվում է թուրքական ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ այդ միջադեպը (բախումը) տեղի չէր ունենա, եթե ամերիկյան իշխանությունները անվտանգության հուսալի միջոցներ ձեռք առնեին, ինչը նրանք անում են բարձր մակարդակի ուրիշ այցերի ժամանակ:

Մայիսի 16-ին, Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում, նրա հակառակորդները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ: Ցուցարարների և նախագահի թիկնազորի միջև նախ լեզվակռիվ էր սկսվել, ապա՝ ծեծկռտուք, որի ընթացքում տուժել էր ինը մարդ: Էրդողանն ինքը հայտարարել էր, թե ցույցը կազմակերպել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամները և Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները, որին Անկարան համարում է 2016 թ. հեղաշրջման փորձի կազմակերպիչը:

Փոխանցում է Interfax-ը: