16.06.2017 09:45

Ազարը հաստատել է, որ մնում է «Չելսիում»

Ազարը հաստատել է, որ մնում է «Չելսիում»

«Չելսիի» փլեյմեյքեր Էդեն Ազարը հայտարարել է, թե ուզում է Կապույտների հետ կրկին շահել Պրեմիեր լիգայի տիտղոսը։ «Չելսիի» համար հաղթական մրցաշրջանի ավարտից հետո լուրերը կրկին սկսեցին 26-ամյա Ազարին ուղարկել «Ռեալ»։ Բելգիացին հաստատել է, որ երազում է աշխատել Սերուցքայինների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, բայց հիմա տրամադրված է մնալ Լոնդոնում։

«Հուսով եմ հաջորդ տարի մենք նույնպիսի հաջողությունների կհասնենք։ Թիմը կշահի Պրեմիեր լիգան, իսկ ես՝ Տարվա խաղացողի կոչումը։ Բնականաբար մեր գլխավոր նպատակը մնում է տիտղոսը, իսկ բոլոր անհատական պարգևները բոնուսներ են։

Ինչպես հիշում եք՝ մենք լավ սկսեցինք անցած մրցաշրջանը, ուստի հաջորդն էլ պետք է այդպես մեկնարկենք։ Մենք պետք է բարձունքին լինենք, որպեսզի պաշտպանենք չեմպիոնական տիտղոսը։

Անտոնիո Կոնտեի օրոք ես հաճախ եմ օգնում թիմին գոլերով։ Հիմա դարպասին ավելի մոտ եմ հանդես գալիս և Դիեգո Կոստայի հետ հանգույց եմ կազմում։ Ինձ հեշտ է ճեղքել մրցակցի տուգանայինը, օգնել և գոլ խփել»,- ասել է Ազարը։