16.06.2017 23:47

Իրենք մեղավոր չեն, անձրեւն ու չար ուժերն են մեղավոր

Իրենք մեղավոր չեն, անձրեւն ու չար ուժերն են մեղավոր

«Մեկ ամսվա տեղումների 50 տոկոսի չափով անձրեւներ են տեղացել, 15 րոպեի ընթացքում։ Ինքնըստինքյան ծավալը տասնապատիկ անգամ ավել ա եղել, դրանից բացի, մինչեւ անձրեւ գալը կարկուտ ա եղել, որի հետեւանքով ծառերի ճյուղերը, տերեւները ջարդվել են եւ հոսքի հետ միասին սելավատար համակարգի ցանցի վրա են լցվել։ Մաքրեցին, եւ բացվեցին դրանք»։

Լրագրողների այն հարցին, թե ինչու հունիսի 12-ին տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հեղեղված անցումներում եւ փողոցներում սելավատարները չեն գործել, այսօր այսպես է պատասխանել Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը:

Կարճ ասած, մեղավորն անձրեւն է:

Հասկանալի է, չէ՞. քանի որ այդ օրը «չափից շատ» է անձրեւ եկել, այդ պատճառով էլ Երեւանը վերածվել էր Վենետիկի: Քաղաքապետարանն ի՞նչ աներ: Իհարկե, շատերի համար այս պատասխանը հումորի թեմա կարող է դառնալ, ոմանք էլ կասեն՝ դե մարդը բան է, ասել է: Իրականում, սակայն, հերթական անգամ հերթական պաշտոնյան իր զարմանալի «անկեղծությամբ» ցուցադրում է այս իշխանությունների պաշտոնավարության ամբողջ փիլիսոփայությունը: Այն է, Երեւանը կորել էր ջրհեղեղի մեջ, մեղավորն անձրեւն էր, չգար՝ փողոցները չոր կմնային։ Ձմռանը Երեւանը վերածվում է սառցադաշտի, մեղավորը ձյունն է, որը գալիս է շատ ու անսպասելի, չգար՝ փողոցներով ավտո վարել, իսկ մայթերով քայլել կլիներ։ Բակերում առնետնե՞ր են վխտում, մեղավորը առնետներն են՝ չգային, բակերը մաքուր կլինեին։ Երկրի տնտեսական վիճակը գնալով վատանում է, մեղավորը տնտեսական ճգնաժամն է, չլիներ՝ ամեն ինչ լավ կլիներ, մենք էլ կապրեինք երջանիկ, չաղ ու բախտավոր։ Երկրում գաղջ մթնոլորտ է տիրում, մեղավորը լրագրողներն են, երկրում կոռուպցիան է թագավորում, մեղավորը հայկական «մենթալիտետն» է եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսինքն, ամեն ինչում մեղավոր են բոլորը՝ մարդիկ, մտածելակերպը, բնությունը, տիեզերքը, սակայն, երբեք՝ իշխանությունը: Սա պատասխանատվություն չվերցնելու եւ պատասխանատվությունից խուսափելու լավագույն ռազմավարությունն է: Իշխանությունները ոչ մի բանի համար պատասխանատու չեն, ոչ մի վատ բան իրենց արածի կամ անգործության արդյունք չէ, վատ բաները չուզողների կամ բնության սադրանքներն են, անգամ եթե այդ վատ բաները ի ցույց են դրվում, մեկ է՝ իրենք կապ չունեն: Իրենք ընդհանրապես ոչ մի վատ բանի հետ կապ չունեն, հետեւաբար պատասխանատու չեն: Իրենց համար աջը քաշած «աշխատում» են:

Փոխարենը, երկրում ցանկացած լավ ու դրական բան տեղի է ունենում իշխանությունների կամքով ու բարձր հովանու ներքո: Շախմատիստները հաղթում են, իշխանությունների հովանու ներքո են հաղթում, ծանրամարտիկը մեդալ է շահում, իշխանությունների հովանու ներքո է շահում, մեկը մի փոքր բիզնես է փորձում սկսել ու դեռ հաջողություն ունի, իշխանությունների կամքն է ու «հովանին», մեկը մի գյուտ է անում, էլի իշխանությունների «հովանին» են թափահարում, նույնիսկ արեւոտ եղանակն ու բերքառատ տարին իշխանությունների ջանքերի արդյունքն են:

Ահա այսպես էլ ապրում ենք: Երբ իշխանություններն անապատասխանատու են, իրական կյանքը՝ աբսուրդ: Բա չէ, պիտի ասեին՝ լավ չենք աշխատել, դրա համար էլ այս կամ այն աղետն ու վատ բաները եղել են, եկեք հրաժարական տանք: Չէ մի չէ: Թան էլ չէ, փրթած մածուն:

Իշխան Պողոսյան