17.06.2017 14:06

Գեւորգ Նալբանդյան. «Քաջարի զինվոր» Սաենիչը

Գեւորգ Նալբանդյան. «Քաջարի զինվոր» Սաենիչը

Խորհրդարանի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանը ոչ մի յուրօրինակությամբ նախորդից չտարբերվեց: Տարիքը` նույնը, խոսքը` մի քիչ ավելի վատ, ճաշակի հարցն էլ հետո կիմանանք: Օրիգինալ չէր նաեւ Բաբլոյանի ղարաբաղյան այցը: Նույն ջուրը, նույն ջրաղացը, այս դեպքում` նույն կամուֆլյաժը, նույն դիրքը: Բաբլոյանն այցելել է զորքերի շփման գիծ, «ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին»:

Ի՞նչ «նշմար» է դա Ադրբեջանին, չգիտենք, որ Իլհամ Ալիեւը 23 000 զինծառայողի ընդգրկմամբ զորավարժությունների անցկացման հրաման է տվել, որ կսկսվեն հունիսի 19-ին: Երեւի սպասում են` Արա Սաենիչը Ղարաբաղից վերադառնա Երեւան, թե չէ, սատանի ականջը խուլ, մեկ էլ տեսար՝ «մի բան պատահեց»: Կամ թե չէ մեր խորհրդարանի «քաջարի» նախագահի սիրտը հանկարծ Քռի ձուկ կուզի, հրաման կտա, զորքը կբարձրացնի...

Թե ինչ է տալիս խրամատում կանգնած զինվորին խորհրդարանի նախագահի այցը` միայն ինքը կիմանա: Գործնականում Սաենիչը Ղարաբաղ գնա-չգնա, ռուսի ասած` игра свечи не стоит: Ասում են` Հայրենական պատերազմի ամենաթեժ շրջանում Երեւանից գրողների մի պատվիրակություն է հասել ռազմաճակատ: Հայկական դիվիզիայի զինվորներին հավաքել են, Նաիրի Զարյանը, մազերը Կերչի քամուն տված՝ սկսել է ճառ ասել. «Ես ձեր մայրերի օրհնանքն եմ բերել, ձեր կանանց սերն եմ բերել, ձեր զավակների կարոտն եմ բերել»: Եւ մի զինվոր շարքերից բղավել է.

-Էդքանը հեչ, ընկեր Զարյան, Ուջանի թութուն չես բերե՞լ:

Տեսնես Սաենիչը զինվորներին գոնե մի քիչ ծիրան տարե՞լ է: Չգիտենք, բայց Ղարաբաղ ճանապարհվելուց առաջ խորհրդարանում դոնորական արյուն է հանձնել: Դրանից հետո նրա «ռազմաճակատային ներկայությունը» չարագուշակ է թվում: Աստված տա՝ ոչ մի զինվոր արյան կարիք չունենա...