17.06.2017 15:07

Առաքել Թավրիզյան. «Միակ հաղթանակի» կուռքը

Առաքել Թավրիզյան. «Միակ հաղթանակի» կուռքը

Մասս-մեդիայի «մեթրը» գրում է, որ Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի դեմ: Մինչեւ 1998 թվականը քաղաքական եւ լրատվական դաշտում գերակա էր այլ դիսկուրս` պատերազմը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ էր, կնքվել է զինադադար, պետք է հասնել վերջնական խաղաղության, որը կապահովի Ղարաբաղի ինքնուրույնությունը: Հայաստանը միջազգայնորեն հանդես էր գալիս որպես Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարաբերություններում միջնորդ եւ այդպես էլ ընկալվում էր նույնիսկ Ադրբեջանում:

Գալով Հայաստանում իշխանության՝ Քոչարյանը ղարաբաղյան պատերազմի հաջողությունները վերագրեց իրեն եւ միջազգայնորեն ճանաչված երկրի կարգավիճակը հասցրեց պատերազմող կազմավորման, նրա նախագահինը` ռազմադաշտային կամուֆլյաժը կոստյում-փողկապով փոխարինած մարդու մակարդակի: Այդ էպատաժային ժառանգությանը նաեւ Սերժ Սարգսյանը տեր կանգնեց:

Հայաստանի սուբյեկտությունը բարձրացնելու, Ղարաբաղում հայկական զինված ուժերի ներկայությունը որպես խաղաղապահ լեգիտիմացնելու, բազմակողմ եւ բազմաբնույթ դիվանագիտական կապեր զարգացնելու, շրջափակումը հաղթահարելու, պետական ինստիտուտները զարգացնելու փոխարեն նրանք ընտրեցին այն, ինչին հասու էին Ղարաբաղի իրենց փորձով` պերմանենտ պատերազմական իրավիճակի կուլտիվացիան:

Չհասկանալով, որ պատերազմը ոչ այնքան Շուշիի կամ Աղդամի գրավումն է, որքան կատարվածի դիվանագիտական ապահովումը, 1998թվականից Հայաստանում իշխող ուժերը ստեղծել են «միակ հաղթանակի» կուռք եւ հասարակությանը պարտադրում են, որ պաշտեն նրան: Հայ ժողովուրդը քրիստոնեության ընդունումից  ավելի քան 1700 տարի հետո վերստին դարձել է կռապաշտ: Այն տարբերությամբ, որ հեթանոսական Հայաստանում տասնյակից ավելի աստվածություններ էին երկրպագվում, այսօր` միայն մեկը` հազարամյա պարտություններից հետո ձեռք բերած «միակ հաղթանակը»: Այդ կուռքի արձանը չկա, բայց նա, ինչպես պրոլետարիատի առաջնորդի մասին էին ասում, «իմ մեջ է, քո մեջ է, նրա մեջ է»: Այսօրվա Հայաստանը «միակ հաղթանակի» կուռքի հիպնոսացած երկրպագուն է, հպատակը, իսկ իշխանությունը, քաղաքական դասը եւ օլիգարխիան նրա տաճարական քրմերն են, բայց ամեն ինչ արվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու հովանու ներքո` քրիստոնեական ծիսակարգի ատրիբուտիկայով:

Հայաստանը պատերազմի մեջ չէ, բայց եթե կռապաշտական խրախճանքը շարունակվի, ապա պատերազմը մի լուսաբացի բախելու է մեր դուռը: Բայց դեռ չի սպառվել պատերազմը բացառելու հնարավորությունը: Դրա համար պետք է մեր ներսում փշրել «միակ հաղթանակի» սին կուռքը: Հարկավոր է գիտակցել, որ Ղարաբաղի փրկությունը չի նշանակում Ադրբեջանի լիակատար ջախջախում: Մեր հաղթանակը մեկն է` Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ղարաբաղի խաղաղ գոյակցությունը բոլոր հարեւանների հետ եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիության վերականգնումը: Այդ հաղթանակը կուռք եւ քրմեր չունի, որովհետեւ համաժողովրդական է եւ կոչված է լինելու սպասարկելու մարդկանց բարեկեցությունը, տնտեսական զարթոնիքը եւ ազգային հանճարի գիտամշակութային, գրական-գեղարվեստական եւ տեխնոլոգիական վերազարթոնքը..