17.06.2017 20:59

Վահան Թումանյան. Քաղաքական էլիտան վերածվել է իրադարձությունների պատանդի

Վահան Թումանյան. Քաղաքական էլիտան վերածվել է իրադարձությունների պատանդի

Ղարաբաղի նախագահի «սփիչռայթերը» շփման գծում երեք զոհի մասին ասել է, որ չնայած կորուստներին՝ «մեր բանակը շարունակում է կատարել իր խնդիրները»։ Պետք չէ բանակի թիկունքում լավ զգալ: Բանակը քաջ գիտի` ինչ է տեղի ունեցել եւ ինչ պետք է արվի: Նոնսենսը քաղաքական էլիտայի պահվածքն է: Նա դարձել է հաշվետար եւ միայն արձանագրում է կորուստները: Ոչ մի գաղափար, միտք, առաջարկություն, թե ինչպես կարելի է հասնել լարվածության թուլացմանը: Քաղաքական էլիտան վերածվել է իրադարձությունների պատանդի:

Մեծ հաշվով Հայաստանը եւ Ղարաբաղը ոչինչ չեն անում, բացի համանախագահներին խնդրելուց, որ զսպեն Ադրբեջանին: Հայաստանը եւ Ղարաբաղը դադարել են սուբյեկտությունից: Արդեն տեւական ժամանակ է՝ Ադրբեջանն է իրավիճակ ստեղծում եւ պայմաններ թելադրում: Հայաստանը եւ Ղարաբաղը հայտնվել են օդից կախված վիճակում. կոնյունկտուրան բարենպաստ կլինի` Ադրբեջանը չի գնա նոր էսկալացիայի, իսկ եթե «ֆիգուրների դասավորությունը» փոխվի, ապա պատերազմը կդառնա անխուսափելի: Զոհվողը կզոհվի, փրկվողը կփրկվի, Ղարաբաղի հարցն էլ «մի ձեւ կլուծվի»։ Ահա հայկական էլիտայի նժդեհափանջունիական կերպարը:

Այս ֆոնին մեկ օրում չորս զոհի համար նրանց ցավը սրբապղծություն է: Իշխանության խնդիրը հետմահու պարգեւատրումները չպետք է լինեն: Իշխանությունը պետք է կարողանա այնպես անել, որ զոհեր չլինեն: Սա է, որ այդ մարդիկ չեն հասկանում եւ անգաժավորված մամուլի ու բուտաֆորային քաղաքագետների միջոցով խաղաղության ու բարիդրացիության կոնցեպցիան անվանում են «հողատվություն»։ Նույն տրամաբանությամբ՝ իշխանություններին պետք է անվանել զոհակեր:

Այո, Հայաստանում ունենք զոհակեր իշխանություն, որովհետեւ նա ոչ թե ամաչում է, որ չի կարողանում շփման գծում ապահովել մեր զավակների անվտանգությունը, այլ ամեն անգամ հպարտանում է, որ հերթական խոշոր կորուստներն ենք ունեցել: Որքան շատ են զոհերը, այնքան իշխանության համար լավ է: Զոհերը նժդեհափանջունիական քարոզչության, հետեւաբար եւ իշխանության պահպանման ու երկարաձգման համար դառնում են... պատվանդան, ամբիոն, որտեղից էլիտան ճամարտակում է ոչմիթիզականություն: Այդպես Ղարաբաղի իշխանությանը ինդուլգենցիա է տալիս, որպեսզի նա էլ գլուխը չկախի զոհվածների եւ նրանց հարազատների առջեւ, բավարարվի, «Մարտական ծառայության համար» մեդալով: Եւ դա այն դեպքում, երբ Հայաստանում եւ Ղարաբաղում պատերազմի երես չտեսած հարյուրավոր օլիգարխներ եւ «պարահանդեսի գեներալներ» մայիսի 9-ին իրենց կուրծքը զարդարում են պետական բարձրագույն պարգեւներով...

Ունենք զոհակեր իշխանություն, եւ ժողովուրդը պիտի հասկանա, որ իրեն էլ դարձնում են պերմանենտ զոհատու: Այս կախարդանքին պետք է վերջ տրվի, հասարակական գիտակցությունը պարտավոր է ընդվզել: Այսօրվա զոհը 1992-94 թվականների զոհը չէ: Այն ժամանակ զոհվում էին, որպեսզի փրկվի Ղարաբաղը, այնտեղ ցեղասպանությունը չկրկնվի: Այդ խնդիրը լուծված է: Իսկ ի՞նչ խնդիր է լուծվում այսօր, հանուն որի ժողովուրդը դարձյալ զոհեր է տալիս: Չկա նման խնդիր, Ղարաբաղի հարցը, միեւնույն է, մեկ լուծում ունի` «տարածքներ` խաղաղության եւ միջանկյալ ստատուսի դիմաց»:

Բայց մեր էլիտան ոչ միայն զոհակեր է: Նա նաեւ ինֆանտիլ է, որովհետեւ կարծում է, թե մադրիդյան կամ կազանյան կարգավորումը կնքված, ծալած` «ջեբը դրած ունի», ինչ էլ պատահի` «էդ մեկը կա հո կա»: Այդ մարդիկ չեն հասկանում, որ աշխարհում, իսկ քաղաքականության մեջ` առավել եւս, ոչինչ հավիտենական չէ: Եթե այդպես լիներ, Ղարաբաղը կմնար Ադրբեջանի կազմում: Վաղը կարող է այնպիսի կոնյունկտուրա ձեւավորվի, որ կազանյան տարբերակը դառնա «եւ եւս»: Այդ ժամանակ ինչպե՞ս են արդարացնելու այսօրվա դաժան զոհակերությունը: