19.06.2017 13:54

Մալիում ամառանոցի վրա կատարված հարձակման ժամանակ զոհվել է երկու մարդ

Մալիում ամառանոցի վրա կատարված հարձակման ժամանակ զոհվել է երկու մարդ

Մալիում՝ երկրի մայրաքաղաք Բամակոյից արևելք  գտնվող և զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող առողջարանային «Լե Կամպեման Կանգաբա» համալիրում, իսլամիստ գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է երկու մարդ:

Մալիի անվտանգության նախարարի խոսքով՝ Կանգաբա ուղարկված զորքերն ազատել են հարձակվողների կողմից գերված 20 պատանդների: «Սա ջիհադիստական գրոհ էր: Մալիի հատուկ նշանակության ուժերն ազատել են առնվազն 20 պատանդների»,- հայտնել է նախարարը:

Կիրակի երեկոյան տեղացիները կրակոցներ են լսել, իսկ «Լե Կամպեման Կանգաբա» առողջարանային համալիրից ծխի քուլաներ են բարձրացել:

Մալիի անվտանգության նախարարության ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ  առողջարանի վրա հարձակվել են գրոհայինները, և այնտեղ են ուղարկվել մալիացի զինվորներ և ֆրանսիական հակաահաբեկչական կորպուսի զինվորականներ:

2015 թ. նոյեմբերին Բամակոյում հարձակում էր կատարվել Radisson Blu հյուրանոցի վրա, որի արդյունքում պատանդ էին վերցվել արևմտյան զբոսաշրջիկներ, առնվազն 20 հոգի զոհվել էր: Այդ հարձակումից հետո Մալիում արտակարգ դրություն էր հայտարարվել, որը պահպանվում է մինչ օրս:

Փոխանցում է BBC-ն: