19.06.2017 15:29

Տուլայի վթար. Բոլոր տուժածները հետազոտվել են

Տուլայի վթար. Բոլոր տուժածները հետազոտվել են

Առողջապահության նախարարությունը փոխանցում է, որ երեկ  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

«Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի հիվանդանոցում, երեխաներինը` Տուլայի շրջանային մանկական կլինիկական  հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը` միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: