19.06.2017 16:15

Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի

Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր եւս գնահատում է միջին ծանրության։

Մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում եւ այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։ Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,- հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։ Հետվիրահատական շրջանը եւս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։