19.06.2017 17:38

Արսեն Գրիգորյան. Պիկասոն ղալաթ է արել

Արսեն Գրիգորյան. Պիկասոն ղալաթ է արել

Մահը Հայաստանում տեղի է ունենում բոլորի աչքի առաջ՝ փոքր երկրի «շնորհք»: Մեր ծավալները ցանկացած ողբերգություն դարձնում են բոլորինս՝ արցախյան սահմանի զոհերից մինչեւ խուլ գյուղում տեղի ունեցած ինքնասպանությունը:

Հայաստանը, հեռուստատեսային լեզվով ասած, դարձել է ընդհանուր կադր, մի տեսակ օնլայն հարթակ: Հենց փորձում ես կենտրոնանալ կադրի որեւէ դրվագի վրա, տեսնում ես՝ մեկը մահացել է՝ երեխան է ջրախեղդ եղել, մայրն է նետվել կամրջից, որդին է սպանել մորը, ընկերը դանակահարել է ընկերոջը: Խոշորացված կադրը Հայաստանի համար չէ: Այն միշտ մեկ մարդու մասին է: Իսկ մեկ մարդը հենց հիմա մեռնում է: Խոշոր կադրը Հայաստանում սադրում է մեկուսիություն, չես ուզում, որ քո անլուծելի հարցերին միանա ուրիշի ողբերգությունը:

Սերժ Սարգսյանը չի սխալվում, երբ խոսում է այս կյանքի գաղջի մասին: Ինքը չի ողբում, չի դատապարտում, չի ահազանգում: Ինքը փաստում է, որ ծրագիր-մինիմումը կատարված է: Այսինքն, մեր իրականությունը ոչ մի գույն չունի: Ինքը գաղջը փաստում է որպես արդեն շոշափելի տեսիլք: Բոլոր գույները տեղափոխվել են եթեր: Եթերը զուգահեռ իրականությունն է, բայց որպեսզի այն չսրի ինտելեկտը, ներկայացվում է պարզունակորեն: Այսինքն, նայելիս մտքի աշխատանքը չի խրախուսվում: Չի խրախուսվում համատարած ապատիայից դուրս գալը: Եթե սիրո մասին է եթերը՝ ապա մարդու ամենավատ որակներով: Եթե փրկելու մասին է եթերը՝ ապա ամենավատ տեքստով:

Այսպիսի երկրում Տարոն Մարգարյանը նույն աղետն է, ինչ՝ կարկուտը: Ահա ինչու երկուսն էլ կարող են զվարճացնել: Երկուսն էլ մարդկայնորեն ընկալելի չեն որպես մարդուց լինելիք բան: Իհարկե այսպիսի երկրում ընտրակաշառքն ու վարչապետ Կարեն Կարապետյանը կարող են հույսի նույն դեմքն ունենալ: Երկուսն էլ ներմուծվող գույն են: Դու նստած ես քո գաղջի մեջ, դու կարող ես խաղալ միայն գաղջի վրձիններով ու տեսնում ես, որ քեզնից դուրս գույներ կան, որոնք անվանվում են իշխանությունների բերանով: Քո հույսերն ըստ իշխանության են, քո կլիման ըստ իշխանության է, քո ընդդիմությունն ըստ իշխանության է: Թող որեւէ մեկը փորձի պատմել այդ գույնը: Պիկասոն ղալաթ է արել: Այլապես Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն անգունության նոր երանգ մտածել:

Գաղջը շշմելու բան է՝ այն չես ժառանգի եւ չես կտակի: Ինչպես թթվածինը: Գաղջը նման է Լոնդոնի եղանակին: Ինքն ամբողջ ընթացքում քեզ պահում է արեւի կարոտ, եթե արեւ տեսել ես: Եթե չես տեսել, դադարում ես ընկալել գաղջը: Գաղջն իրականում միայն անգունությունը չէ, այլ՝ միակ գույնը: Իսկ միակ գույնը կարող է լինել կարմիր, կանաչ, սպիտակ, դեղին: Գաղջը գույնի անփոփոխությունն է, այլ գույների՝ օրենքից դուրս հայտարարվելը: Գաղջն ուրիշ գույնի բացակայությունն է: Սպիտակ ու սեւն արդեն գաղջ չէ: Գաղջը չանվանվող գույնն է: Հայաստանում հենց չանվանվող գույնն է կոչվում գաղջ: Ոչ ոք չգիտի այն մարտահրավերի անունը, որին բախվել է՝ խոսում ես ստատուս-քվոյի հիմարությունից, քեզ դեմ են տալիս մեռնող զինվորների ոգին, խոսում ես կոռուպցիայից, քթիդ տակ թափահարում են ձերբակալված դատավորների ցանկը, խոսում ես անգրագիտությունից, ներկայացնում են հրատարակված գրքերի քանակը, խոսում ես հանրապետականացված ուսուցիչներից, բղավում են օրենքի այն կետը, ըստ որի՝ Հայաստանն ազատ երկիր է, ով որ կուսակցությանը կուզի՝ կանդամագրվի:

Գաղջը մեր սահմանադրական միակ վիճակն է: Ոչ ոք չի կարող ասել, որ այն անօրեն է: Ահա ինչու ընտրությունները չեն կարող լինել հակագաղջային: Այդպիսին կարող էր լինել մարդը, որը,-սրբագրենք Մայակովսկուն,-ընդհանրապես չի հնչում: