20.06.2017 11:33

«Հայոց ցեղասպանություն. պատմության դասեր և ժամանակակից աշխարհը» թեմայով քննարկում՝ Մոսկվայում

«Հայոց ցեղասպանություն. պատմության դասեր և ժամանակակից աշխարհը» թեմայով քննարկում՝ Մոսկվայում

Հունիսի 15-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ռուսաստանի Պետական Հումանիտար Համալսարանի Պատմա-արխիվագիտական ինստիտուտում անցկացվել է կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. պատմության դասեր և ժամանակակից աշխարհը» թեմայով:

Միջոցառումը կազմակերպվել էր  ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների  ուսումնաիրության միջազգային  գիտա-կրթական կենտրոնի և   «Արարատ» մշակութային միության կողմից:

Կլոր սեղանին մասնակցում էին  առաջատար ցեղասպանագետներ, Հայկական հարցով զբաղվող վերլուծաբաններ,  հասարակական և կրոնական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ  ներկայացուցիչներ, մոսկովյան բուհերի ուսանողներ:

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր ելույթում, մասնավորապես,  շեշտել է Հայոց ցեղասպանության իրավական գնահատականի անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես նաև ընդգծել գիտական միջոցառումների դերն ու նշանակությունը մարդկայնության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում:

Իր հերթին, ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների  ուսումնաիրության ՄԳԿԿ տնօրեն Իլյա Ալտմանը անդադաձել է ցեղասպանությունների դասավանդման անհրաժեշտությանը: Քննարկման թեման  1915թ. մայիսի 24-ի Մեծ տերությունների համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի զանգվածային կոտորածները որակվում էին որպես  «մարդկության և քաղաքակրթության»  դեմ ուղղված  հանցագործություններ:

Զեկուցողները շեշտել են Անտանտի երկրների  հայտարարության  դերակատարությունը «Ցեղասպանություն» տերմինի մշակման հարցում, ինչպես նաև  վերլուծել  մարդկայնության դեմ հանցագործությունների իրավական պատասխանատվության անրաժեշտությունը  ժամանակակից իրադարձությունների դիտանկյունից:

Փաստագրական հարուստ նյութի վրա հիմնված զեկույցներով հանդես եկան նաև երիտասարդ գիտնականները: «Ցեղասպանություններ և արխիվներ» որակավորման բարձրացման  դասընթացի ունկնդիր Վարդան Պողոսյանը իր ելույթում խոսեց համատեղ Հռչակագրի  նախապարաստման նախադրյալների մասին: ԵՊՀ միջազգայնագետ, Ժողովուրդների Բարեկամության   Ռուսական Համալսարանի ասպիրանտ Աննա Գևորգյանը ներկայացրեց ժամանակի հայ գործիչների ահռելի ջանքերը՝ ուղղված  հայտարարության նախապատրաստմանն ու   հրապարակմանը: ԵՊՀ ասպիրանտ,   ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների  ուսումնասիրության ՄԳԿԿ վերլուծաբան Արմինե Անտոնյանը կարևորեց  փաստաթղթի իրավական նշանակությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները   ցեղասպանություն որակելու հարցում: Իր հերթին, ԵՊՀ արևելագետ, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտ Լարիսա Ալեքսանյանը անդրադարձավ Օսմանյան կայսրությունում Տեղահանության օրենքի ընդունման իրական  դրդապատճառներին:

Միջոցառման ավարտին ծավալված  քննարկման ընթացքում  շոշափվեցին Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդաբանության, արխիվային նյութերի ուսումնասիրության կարևորության  և հրապարակման անհրաժեշտության,  ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին առնչվող խնդիրներ: