«Հայֆեստ»-ի եռօրյան՝ աշխարհաճանաչողության կայծակնային փառատոն

Հունիսի 14-ից 17-ը Հայաստանի նկարիչների տան սրահում բացվեց «ՀայՖեստ» երիտասարդական՝ 5-րդ հերթական միջազգային փառատոնը: Ներկայացված էին 100-ից ավելի ստեղծագործություններ, որոնք պատկանում էին գեղանկարչության, քանդակագործության բոլոր ժանրերին: Այս ցուցահանդեսն իր համեստությամբ կյանքի շարունակականության հաստատման ինքնատիպ դրսևորում էր: Այն հնչեց ոչ շատ հնչեղ ձայնարկությամբ, բայց և այնպես՝ բացառիկ երևույթ էր երևանյան մշակութային կյանքում: Կազմակերպիչները բարեգործներ էին: Նրանք քաղաքական, մեր շուրջը ձևավորված նյութապաշտական իրականությանը հակադրեցին մարդկային քիչ թե շատ պահպանված նորմալ փոխհարաբերությունները: Ցավոք՝ այսօր այդ հարաբերությունները նույնպես վտանգված են:
Բոլոր հեղինակների ոգևորությունը կարծես թե թերի էր: Իրականության գաղջ մթնոլորտն իրեն զգալ էր տվել:
Արմեն Հակոբյան, 34 տարեկան, ճարտարապետ, ներկայացրած աշխատանքները՝ «Սիրո ջրաշուշաններ», «Մոռացված մեղեդի», դեկորատիվ կիրառական ժանրում՝ թղթից և ստվարաթղթից կոլաժներ:
«Սիրո ջրաշուշաններ», 90x70 սմ, 2016թ. «Մոռացված մեղեդի», 85x65 սմ, 2016 թ.
Երկու աշխատանքների համար ընտրված են խաղաղարար կապույտի նրբերանգներ: Լույսի փարոսներ հիշեցնող ջրաշուշանների հովանու ներքո զույգեր կազմած կարապները մեղմ շշնջում են: Ինչ են շշնջում-մրմնջում… գուցե միմյանց հավերժ հավատարմության խոսքեր են ասում:
«Մոռացված մեղեդի» կոլաժում կարապների երաժշտականացված խոսքերը հասանելի են դառնում Պագանինիի հնչեցրած գունեղ երանգներով:
Երկու կոլաժները անշոշափելի թելերով ամբողջացնում են նվիրվածության պահը՝ պատկերի և մեղեդու ամբողջականությունը:
Զարմանք է հարուցում ճարտարապետ-նկարչի ոչ միայն գեղանկարչական մտքի, այլև ձեռքի հմտությունը: Գծերի ձևը, կուռ, տեղը-տեղին տեղադրությունը շեշտում են ասելիքի ինքնատիպությունը: Կոլաժները նաև ճարտարապետական մտքի, տեխնիկայի վարպետության նմուշներ են:
Հարություն Հովսեփյան, 25 տարեկան, ԳՊԱ-ի 2-րդ կուրս, ներկայացված աշխատանքը՝ «Դարբինը»:
«Դարբինը», 15x11 սմ, օֆորտ, 2016թ.
- Ո՞վ է քո դարբինը,- հարցին դեռևս ուսանող նկարիչը պատասխանեց խրոխտ:
- Դարբինն արարիչ է, շփվում է տարերքների հետ, դիմակայում… Նրա գործը տանջալից է՝ հանուն արդարության, բարօրության, բարեկեցության, խաղաղության, որոնց այսօր բոլորս կարոտ ենք: Դարբինը դրական էներգիայի կրիչ է, պոռթկում է տարերայնորեն, պահից պահ, սակայն հրաշք կգործի, երբ ամբողջովին ակտիվանա:
Հեղինակը մտահոգ է. իր երկիրը տնօրինում են ոչ գրագետ, ոչ մասնագետ, անկուշտ «դարբիններ»: «Երկու տասնամյակ է, ինչ այդ «դարբինները» կռում են հանրության շահին և կամքին հակառակ բաներ: Սակայն կան իրական դարբիններ, որոնք ակտիվացման շեմին են: Նրանք են կռելու քամված, անճանաչելիորեն մաշված երկիրն ու վշտից համրացած հանրությանը»:
- Մի խոսքով՝ «Հայերը կարիք ունեն խորը Ժողովրդավարության», - ժպիտով ամփոփեց քաղաքացի-նկարիչը:
Լիլյա Պետրոսյան, 16 տարեկան, ներկայացված աշխատանքը՝ «Պետերբուրգում» մատիտանկարը:
Լիլյան դեռևս սովորում է դպրոցում, սակայն նկարչության հանդեպ նրա հակումները լուրջ են: Աշխատասիրությամբ նա հաղթահարել է մատիտանկար գրաֆիկայի այբուբենը և հիմա նույն աշխատասիրությամբ յուրացնում է ժանրին բնորոշ նրբությունները: «Պետերբուրգում» մատիտանկարը հուսադրող է: Մեզ մնում է ապագա նկարչուհուն ցանկանալ անսպառ եռանդ, հեռու մնալ աստղային հիվանդություններից և իր նպատակասլացությամբ հասնել բարձունքների:
Արամայիս Ասլանյան