Ոստիկանությունը Ստամբուլում ցրել է գեյ-շքերթը

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ չարտոնված երթը: Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ երթը տեղի կունենա՝ չնայած քաղաքի իշխանությունների արգելքին:
Մարդկանց փոքր խմբերը հավաքվել են Թաքսիմ հրապարակի մերձակայքում, սակայն ոստիկանները շատ ավելի մեծ թիվ են կազմել: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հոգու, ապա ռետինե փամփուշտներ է կիրառել ցույցը ցրելու համար:
Ստամբուլի իշխանություններն արդեն երրորդ տարին է՝ արգելում են գեյ-շքերթ անցկացնել՝ այն պատճառաբանությամբ, թե ցույցի մասնակիցների վրա կարող են հարձակում գործել ծայրահեղ աջ գաղափարախոսության կրողները:
Ի տարբերություն իսլամական երկրների մեծ մասի՝ Թուրքիայում համասեռականությունն արգելված չէ, սակայն հասարակության շատ շերտերում իշխում է այլատյացությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի Արդարության և զարգացման կուսակցությունը վերածվել է պահպանողական իսլամական շարժման, հերքում է, թե ուզում է հասարակությանը կրոնական արժեքներ պարտադրել, և հայտարարում է, թե լիովին պաշտպանում է Թուրքիայի աշխարհիկ կառուցվածքը: Նա նաև պաշտպանում է իրենց կրոնական համոզմունքները բացահայտորեն արտահայտելու՝ թուրքերի իրավունքը:
Փոխանցում է BBC-ն: