07.07.2017 12:40

Արսեն Գրիգորյան.Ղարաբաղի ականջները

Արսեն Գրիգորյան.Ղարաբաղի ականջները

Հայաստանում դեռեւս դժվար են ընկալում, որ պետական, հասարակական, սոցիալական եւ նույնիսկ կենցաղային շատ խնդիրների հիմքում ընկած է Ղարաբաղի հարցը: Դիցուք, Ղարաբաղի հարցը չլիներ, Հայաստանում դժվար թե ընտրություններ կեղծվեին: Սա հայտնի փաստ է: Սակայն այդ հարցի քայքայիչ ազդեցությունը մտել է մեր կյանքի այնպիսի տեղեր, որտեղ դժվար է գտնել այն:

Մենք հաճախ ենք ասում՝ Ղարաբա՞ղն է մեղավոր, որ դատավորը կաշառակեր է: Ղարաբաղը մեղավոր չէ: Այն մեղավոր չէ ոչնչում: Սակայն դատավորը կաշառակեր է, որովհետեւ ինքը Ղարաբաղի «անունից» կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության կցորդն է: Ազատ ընտրություններով ձեւավորված իշխանության դատավորը հաստատ նախագահով չէր նշանակվի: Հետեւաբար՝ նրանից կախում չէր ունենա:

Ասում են՝ Ղարաբա՞ղն է մեղավոր, որ մեր ընտրողը փող է վերցնում քվեի համար՝ Ղարաբաղն՝ ուր, մեր ընտրությունները՝ ուր: Սա հիշողություն եւ ներքին տեսադաշտ չունեցող մարդու հարցադրում է: Ղարաբաղի հարցը մեր երկրում «ձեւավորել» է վոյիններ, որոնց ամեն ինչ կարելի է, քանի որ հենց նրանք են պահել Ղարաբաղը: Այս վոյինները պետք է իրենց փայն ունենային այն հաղթանակից, որը կռեցին: Քաղաքական իշխանությունը հասկանում է՝ եթե նրանց փայը չտա, կարատավորի հաղթանակը, որովհետեւ ո՞վ է տեսել, որ ազատամարտիկը չվայելի իր հաղթանակը: Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս ընկալումների ծնունդն են: Այսինքն, պետության ընկալումը մենք դրեցինք հաղթանակի կռանի տակ եւ անընդհատ ծեծեցինք գրաված հողերով, մինչեւ գրավողը վերջնականապես դիրքավորվեց պետության վրա:

Իսկ ովքե՞ր էին հաղթողները: Նրանք պետական գործիչներ չէին: Նրանք անձնազոհ մարդիկ էին, որոնք հրաշալի էին «նայվում» զենքը ձեռքին, հողը պահելու իրենց ընկալումների մեջ: Նրանք ազգային կերպարներ էին, որոնց վիճակված է դառնալ արվեստի եւ կամքի հերոսներ: Սակայն նրանք, ինչպես ասում են, թռան արվեստի եւ կամքի վրայից ու ազատորեն տեղավորվեցին պետական օղակներում: Այսօրվա բարոյալքված Հայաստանը նաեւ արվեստում եւ կամքի ընկալման մեջ նրանց բացակայության արդյունքն է: Այսօրվա բարոյալքված Հայաստանը չիմաստավորված Ղարաբաղի արդյունքն է:

Որպեսզի Ղարաբաղի հարցի մեղքը չտեսնես քո պետության եւ նույնիսկ քո անձնական խնդիրներում, պետք է ընդհանրացման չափազանց նեղ միտք ունենալ: Բավական է, որ յուրաքանչյուրը հիշի ինքն իրեն: Յուրաքանչյուրն իր մեջ կգտնի Ղարաբաղի հարցը՝ Սերժ Սարգսյանից մինչեւ հրադադարի օրերին դեռ չծնված որեւէ կալանավոր: Մեր հաշտվողականությունն անբարոյականության, կեղծիքների եւ հենց «Ղարաբաղի» արդյունք է: Մենք այնքան ենք տրվել անելանելիությանը, որ մեր հուսահատությունից ավելի կենդանի բան մեր մեջ այլեւս չկա: Իսկ հուսահատությունը ցատկահարթակ չէ, այլ՝ անդունդ, որտեղ նետվում ես: Հենց այդպես Հայաստանը «հուսահատ» է: Հայաստանը չգիտի, թե ումից կամ ինչից կառչի, որպեսզի շունչ քաշի, ոտքի կանգնի:

Մենք «Ղարաբաղի» ականջները չենք տեսնում ոչ մի տեղ: Մինչդեռ այդ ականջները կան հենց իսկ Ղարաբաղում, որտեղ քաղաքական գործիչների մի մասի մոտ հաղթողի դափնիները դեռեւս հրաշալի քողածածկույթ են, որպեսզի սեփական ժողովրդի հերոսականության անունից շղարշեն սեփական տնտեսության կամ քաղաքական զգացողության բացակայությունը: Ղարաբաղն արդեն քանի տարի իր եւ մեր հողի վրա ստեղծում է անփոխարինելիներ, որոնց ամեն ինչ կարելի է եւ աուտսայդերներ, որոնց ոչինչ չի կարելի: Ոչ ոք չի տեսնելու Ղարաբաղի ականջները: Որովհետեւ Ղարաբաղի հարցը հեռու է մեզնից: Մեզ ավելի մոտ է արդեն Իսլամական պետությունը եւ Ռուսաստանի ու Ամերիկայի կռիվը նրա հետ:

Երեւանն ապականվա՞ծ է՝ «Ղարաբաղի» արդյունք է, Վարդենիսը մեռնող քաղա՞ք է, «Ղարաբաղի» արդյունք է: Ինչու՞: Որովհետեւ Ղարաբաղը թույլ չի տալիս, որ իշխանություններն աշխատեն: Ինչու՞ իշխանությունը չի աշխատում: Որովհետեւ ընտրություն է կեղծել եւ պարտավորություն չունի: Ինչու՞ է ընտրություն կեղծում: Որովհետեւ «հակառակ դեպքում»  Ղարաբաղը կկորցնենք:

Ղարաբաղն արժանի էր, որ մենք պարզապես մարդ լինեինք իր եւ միմյանց հանդեպ: