07.07.2017 13:55

Ձերբակալվել են Amnesty International-ի 12 ակտիվիստներ

Ձերբակալվել են Amnesty International-ի 12 ակտիվիստներ

Չորեքշաբթի Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության 12 ակտիվիստների, իսկ այսօր նրանց կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով:

Ակտիվիստներին արգելվել է տեսակցել հարազատների և իրավաբանների հետ: Ձերբակալության պատճառները մինչև հիմա չեն հայտարարվել:

«Նրանց ձերբակալել են և արգելել տեսակցել փաստաբանների հետ: Մենք մինչև հիմա նրանց չենք տեսել, բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք: Այսօր պարզվեց, որ կալանքի ժամկետը յոթ օրով երկարացվել է: Ձերբակալության պատճառների մասին մեզ ոչինչ չեն ասել»,- հայտարարել է փաստաբան Նաջիե Դեմիրը:

Amnesty International-ում թուրքական ոստիկանության գործողություններն անվանել են «իշխանության աղաղակող չարաշահում» և պահանջել են անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին, որոնց թվում է թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերը:

Հուլիսի 6-ին եվրահանձնակատար Յոհանես Խանը Անկարայում հանդիպել է թուրք վարչապետի հետ, որից հետո հայտարարել է, թե «բավարար պատասխան» չի ստացել իրավապաշտպանների ձերբակալության դրդապատճառների մասին, բայց խոստացել է հետևել հետաքննության ընթացքին: Փոխանցում է euronews-ը: