08.07.2017 14:03

Գեւորգ Նալբանդյան. Պատերազմ` պատերազմից հետո

Գեւորգ Նալբանդյան. Պատերազմ` պատերազմից հետո

Ղարաբաղյան բուն պատերազմը տեւել է երկու տարի եւ ավարտվել հրադադարի մասին համաձայնագրով, որից երեք տարի անց խաղաղությունը չափազանց մոտ էր: Այդ հույսերը չարդարացան, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Շուրջ տասը տարվա անպտուղ բանակցություններից հետո 2007 թվականի վերջերին Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցությունների կոնցեպտուալ հիմք ընդունեցին մադրիդյան սկզբունքները: Անցել է եւս մեկ տասնամյակ, եւ իրավիճակը շատ ավելի պատերազմական է, քան թե` բանակցային:

2013 թվականի ամռանը, հրադադարի հաստատման քսաներորդ տարում, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտում վերսկսվեցին բախումները: Կարելի է ասել, որ դրանից հետո մենք ապրում ենք պատերազմ` պատերազմից հետո կամ նոր լայնամասշտաբ պատերազմի սպասման ռեժիմում: Դա ավելի երկար ժամանակ է, քան տեւել է Ղարաբաղի պատերազմը: Այդ տարիներին կողմերը մարդկային զգալի կորուստներ են կրել, կողմերի հասարակություններն ավելի են հեռացել իրարից, ռադիկալացել:

Հայաստանում եւ Ղարաբաղում ամեն ինչ բացատրում են Ադրբեջանի միլիտարիզմով: Այստեղ ճշմարտության հատիկ, իհարկե, կա, բայց դա կեղծ ճշմարտություն է, քանի որ մեզ պարտադրում է ենթարկվելու հակառակորդի մշակած «խաղի» կանոններին: Քաղաքականության մեջ ուժեղ է նա, ով կարողանում է ձեւակերպել եւ պնդել սեփական օրակարգը: Միայն այդ դեպքում է, որ պետության քայլերը կազմում են տրամաբանական ամբողջություն` սկսում ես A կետից, որպեսզի հասնես B կետին, ելման կետից շարժվում ես դեպի հանգրվան:

Հայաստանի «վոին»-ական իշխանությունը քսան տարում այդպես էլ չի ասել, թե որտեղից է սկսում Ղարաբաղի հարցի լուծումը եւ ինչ հանգրվանի է հասնելու: Չկա ձեւակերպված նպատակ, ուստի եւ` դեպի նպատակ տանող հետեւողական քայլեր: Հայաստանի իշխանությունը, ինչպես Վանո Սիրադեղյանն է դիպուկ բնորոշել, նման է սառույցի վրա չռված հայտնի կենդանուն, որ քայլ կատարել-չկատարելու երկմտանքի մեջ է:

Ինչքան տեւում է այդ ժամանակը, այնքան երկարաձգվում է պատերազմից հետո պատերազմը, որը ոչ միայն անհասկանալի է, այլեւ` անիմաստ: Բուն պատերազմի նշանակությունը Ղարաբաղի պաշտպանությունն էր, նրա բնակչության համար գոյության անվտանգ պայմանների ստեղծումը: Անհասկանալի է, թե այսօր ինչ հարց են լուծում, եւ ինչու պիտի մեր զավակները կրեն այդքան զրկանքներ, զոհվեն ու վիրավորվեն:

Եթե դիմենք վիճակագրությանը, ապա հրադադարից հետո Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայություն անցածների թիվն ավելի մեծ կստացվի, քան բուն պատերազմի մասնակիցներն են, իսկ զոհերի թիվը գրեթե հավասար է: Բայց կա ահռելի տարբերություն. այն ժամանակ կոնկրետ ռազմաքաղաքական նպատակ կար, այսօր` ոչ: Համենայն դեպս, օրվա իշխանությունը դրա մասին ոչինչ չի ասում, մյուս կողմից էլ նա չի համարձակվում բացահայտել բանակցությունները, հրապարակել B կետի պատկերացումը: Դրանից էլ աստիճանաբար լղոզվում, իմաստը կորցնում է նաեւ A կետը` խնդրի սկիզբը, ճանապարհի մեկնակետը:

Ղարաբաղը կորցնում է նշանակությունը, մարում է համազգային նպատակը: Ամեն ինչ փոխակերպվում է պատերազմից հետո պատերազմում գոյատեւելու անորոշության, երբ ամեն մեկն իր ընտրությունն է կատարում: Չկա պետության սթափ մոտեցում, Հայաստանը դարձել է Ադրբեջանի քաղաքականության կցորդը, շարժվում է Ալիեւի թելադրած ուղեգծով, նրա պարտադրած ձեւով եւ միջոցներով: Դեգրադացիան հասել է մի աստիճանի, երբ ոչ ոք այլեւս վաղվա ընկալում չունի, Հայաստանը եւ Ղարաբաղը գոյատեւում են «այս մի օրն էլ անցավ» ռեժիմում: Դա ապագայի հանդեպ վստահություն չէ, այլ` տառապալի սպասում, թե երբ է Ադրբեջանը դիմելու եւս մեկ էսկալացիայի:

Կարող է պարադոքսալ հնչել, բայց այս պայմաններում նոր պատերազմը, թերեւս, ավելի նախընտրելի է: Պատերազմը գոնե շարժում է, նպատակի ձեւակերպում: Իսկ պատերազմից հետո պատերազմը, որ Ադրբեջանը սկսել է երեք տարի առաջ, կարող է տեւել տասնամյակներ` հյուծելով եւ քամելով Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր ռեսուրսները: Դա է Ադրբեջանի B կետը, Ղարաբաղի հարցի լուծման վերջնանպատակը: Հասարակությունը պետք է խնդիր դնի, որ Հայաստանը թոթափի պատերազմից հետո պատերազմ իրավիճակը, գնա դիվանագիտական ճեղքման, Ադրբեջանին պարտադրի սկզբունքորեն նոր` խաղաղության եւ բարիդրացիության օրակարգ:

Խաղաղությունը պարտադրում են ոչ միայն, ոչ այնքան պատերազմով: