Բազմահազարանոց ցույց Ստամբուլում՝ ընդդեմ Էրդողանի

Ստամբուլի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ընդդեմ երկրի նախագահ Էրդողանի կառավարության:
Դրանից առաջ նրանք երթով Անկարայից հասել են Ստամբուլ: «Արդարության երթը», որի մասնակիցներն անցել են 400 կմ տարածություն, Թուրքիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունիսի 15-ին: Ցույցի մասնակիցները բողոքում են զանգվածային հեռացումների ու ձերբակալությունների դեմ, որոնք հաջորդել են անցյալ տարի ամռանը ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո:
Նախագահ Էրդողանը ակցիայի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ և հայտարարել, որ երթը կազմակերպած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դուրս է եկել ընդդիմադիր գործունեության շրջանակից և գործում է ահաբեկչական խմբավորումների հետ միասին:
ԺՀԿ-ն կոչ է արել երթ անել այն բանից հետո, երբ կուսակցության անդամներից մեկին՝ Էնիս Բերբերօղլուին, դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ այն բանի համար, որ նա մամուլին մանրամասներ էր հայտնել Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող և Սիրիա ուղևորվող բեռնատարների գործով:
Հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է 50 հազար մարդ, 140 հազարն ազատվել է աշխատանքից: Իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունները դատապարտվել են միջազգային հանրության կողմից: Երկրում շատերն այն կարծիքի են, որ կառավարությունը, դավադրության կողմնակիցների դեմ պայքարելու անվան տակ՝ օգտվել է իր հակառակորդներին ճնշելու հնարավորությունից, նշում է BBC-ի թղթակիցը: