10.07.2017 13:12

Արսեն Գրիգորյան. Սիրտը

Արսեն Գրիգորյան. Սիրտը

Հայաստանում սիրտն ամենավատ քննություն բռնող օրգանն է: Ահա ինչու է սրտի ինքնաքննությանը փոխարինում հնդկական սերիալը:

Մեր մշակութային եւ հասարակական դեմքերը մի կերպ են հասցնում սիրաբանել իշխանությունների հետ եւ խաղալ նրանց հեղինակության համար: Մեր քաղցկեղով հիվանդ երեխան չգիտի, թե ում անունից ձեւակերպի իր երազանքը: Սոցիալական սրվածությունն արձակուրդ է ուղարկել սիրտը: Հազիվ հասցնես սիրահարվել կամ, ընդհակառակը, խույս տալ սիրուց, որովհետեւ շարունակությունը չգիտես՝ ու՞ր տանես այդ աղջկան:

Հայաստանում սիրտը «մերսումի» տեսարաններ չունի: Այն միանգամից նետվում է ողբերգության մեջ, որտեղ կոփվում է: Դիցուք, Արցախի սահմանին արձանագրվում է հերթական զոհը: Եթե նրանք շատ են, սիրտը կորցնում է ողբերգականության կենտրոնացումը: Եթե մեկ հոգի է, ոչինչ, հասցնում է մի քիչ «ցավել»: Բայց, ի վերջո, ամենօրյա նույն թեմայի մեջ սիրտը չի կարող ինքն իրեն խաղարկել տարբեր կերպ: Հենց դա էլ կոչվում է կոփում:

Մեր հեղինակությունը Հենրիկ Մխիթարյանն է, որն առանձնապես սրտի հետ խոսող «սյուժեներ» չի խաղում: Մեր երգիչներն ընդհանրապես երեւակայություն չունեն ուրիշի ցավը որոճալու: Հայաստանում ուրիշի ցավի հետ կրթվող «հայրենական» սիրտը չկա: Ու դա սարսափելի է ոչ միայն հեղինակության համար: Դա սարսափելի է բոլոր նրանց համար, որոնց սիրտը պատրաստ է ապրել ցավով, մինչ ցավը չկա: Մենք հաշմանդամների, ծայրահեղ աղքատների եւ մահացու հիվանդների պակաս չունենք: Բայց նրանց բոլորին պակասում ենք մենք: Այսինքն՝ մենք, որպես հրաշք: Սա է, որ Քրիստոսի հետ առաջինը «պաշտոնական» հարաբերություններ հաստատած ազգը չունի:

Մենք ոչ մեկի հրաշքը չենք: Որովհետեւ ֆուտբոլ չունենք, մենք որովհետեւ «սրտային» մենեջմենթ չունենք, որը մնացած աշխարհում տնտեսություններ է աշխատեցնում: Որովհետեւ հենց մեկը Հայաստանում անուն է հանում, ընկնում է եվրոպական, ընդհանրապես, արեւմտյան «սրտային» մենեջմենթի տակ, որտեղ հուզականության ծավալներն աշխարհն են բռնում: Բրազիլիայի կամ Կոլումբիայի աղքատության պատկերը մեզնից սարսափելի չէ, գողության չափերն այն կողմերում նույնիսկ մտքի ծավալներում չեն տեղավորվում, բայց տանգոն, ֆուտբոլը եւ կինոն այնտեղ մարդուն դարձնում են մարդ եւ սովորեցնում երազել, կարեկցել, նպատակադրվել: Մարդը պետք է իր ցավը դարձնի օգտակար հանածո: Հենց դա են անում մյուսները:

Բեռլինի սիմֆոնիկը Գերմանիայի օդանավակայաններից մեկում «բեմականացնում» է Ռավելի «Բոլերոն»: «Լուֆթհանզան» Սուրբ Ծննդյան օրերին հատուկ միջոցներով իր հաճախորդներից կորզում է նրանց երազանքը եւ նույն օրը աշխարհի ցանկացած կետում նրանց կատարած վայրէջքի պահին այդ երազանքն արդեն իրականացրած է լինում: Սա գովազդ է: Բայց տեսեք, թե սիրտն ինչպիսի բավականություն ստացավ, սիրտը տեղեկացավ, որ ինքը կա: Մեզ մոտ սրտի տեղը հուշող իրադարձություններ չկան: Ինչու՞: Որովհետեւ մենք ամեն օր ապրում ենք ասես վերջին օրը: Մենք կարծես շտապում ենք ապրել՝ իմանալով, որ հակառակ դեպքում մեր փոխարեն դա կանի ուրիշը: Մեր կյանքը վերջին հույսի կյանք է: Այստեղ սիրտը անելիք չունի: Սա լրիվ ուղեղային մորմոք է: Մինչդեռ սիրտը մարդու մեկնակետն է: Մարդն իր սիրտն է: Հայաստանում այդ սրտի տեղն իմացողը չկա: Իմանալը շահեկան չէ: