10.07.2017 15:28

Առաքել Թավրիզյան. Իսկանդարնամե

Առաքել Թավրիզյան. Իսկանդարնամե

Ղարաբաղ-Ադրբեջան զորքերի շփման գծում հուլիսի 4-ի լարվածությունից հետո քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը փորձառու ռազմագետի վստահությամբ ասաց, որ աղմուկ-աղաղակով պատերազմի չեն նախապատրաստվում: Իշխանությունը քաղաքագետի միջոցով հանրությանը հանգստացնելու փորձ արեց: Բայց երեւի նպատակին չհասավ, հարկ եղավ, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, ընդհուպ մինչեւ պաշտպանության առաջին փոխնախարարը, կրկնեն Իսկանդարյանին:

Գործնականում միայն ռազմական եւ արտաքին հետախուզության ծառայությունները կարող են գնահատական տալ պատերազմին Ադրբեջանի նախապատրաստվել-չնախապատրաստվելու հարցում: Այս դեպքում անհասկանալի է ՊՆ առաջին փոխնախարարի «իսկանդարնամեն», որը հասցեագրված է ներքին լսարանին կամ էլ ապացուցում է, որ նա իր տեղում չէ: Հայաստանում իշխող ռեժիմն առհասարակ ադեկվատ չէ իրավիճակին, իսկ պատերազմի եւ խաղաղության կարեւորագույն հարցում ուղղակի դիլետանտ է: Նա խնդիրը դիտարկում է միայն եւ միայն Ադրբեջանի պահվածքով. եթե Ալիեւը բացահայտ խոսում է պատերազմից, ուրեմն չի գնա դրան` ահա մոտեցումը, որի վտանգավորությունն այն է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի քայլերը կապակցվում են Ադրբեջանի գործողությունների կամ ենթադրյալ անգործության հետ: Ասել է թե` եթե Ադրբեջանը հակամարտության գոտում մի քանի ամիս կամ առհասարակ որեւէ գործողություն չձեռնարկի, ապա Հայաստանի համար դա գերազանց կլինի: Իսկ եթե Ադրբեջանը միայն «հախուռն աղմկում է», ապա, իհարկե, լարվածությունը պահպանվում է, բայց դա ամենեւին էլ դասական իմաստով պատերազմ չէ:

Իսկ ի՞նչ է, եթե պատերազմ չէ, ու նաեւ խաղաղություն չէ: «Իսկանդարնամե» է, լեզվակռիվ, որտեղ նախաձեռնությունը դարձյալ պատկանում է Ադրբեջանին: Երեւանը եւ Ստեփանակերտը ոչ միայն զորքերի շփման գծում, այլեւ տեղեկատվական «ճակատում» են դարձել հետեւանքներ «մաքրող», իսկ երբեմն էլ` միայն պասիվ դիտորդ: Հայկական կողմերը բավարարվում են «եթե այսպես մնա, մեզ համար հոյակապ է» զուտ կենցաղային կեցվածքով:

Այդ ձեւով պետությունը կարծես մարդկանց հնարավորություն է տալիս կարգավորելու իրենց գործերը` լիովին օգտագործելով «հախուռն աղմուկ-աղաղակի» եւ ավելի ու ավելի հավանական դարձող լայնածավալ պատերազմի միջեւ տեւող ժամանակը: Եթե փորձենք ընդհանրական ասել, ապա գործող ռեժիմը մարդկանց հորդորում է. «Պատերազմն անխուսափելի է, մնացածը որոշեք ինքներդ»: Եւ ժողովուրդն էլ կատարում է ընտրություն` ով հնարավորություն եւ միջոց ունի, արտագաղթում է: Յուրաքանչյուր հեռացողի չափով մարում է Հայաստանի եւ Ղարաբաղի ապագայի հույսը, եւ «իսկանդարնամեն» դառնում է հասարակական գիտակցության դոմինանտը. «Հարկավոր է օգտվել իրավիճակից, կարգավորել գործերը»: Իսկ գործեր կարգավորելու համար պետք է մաս կազմել կամ մոտ լինել ռեժիմին, կամ էլ պարզապես հաշտվել ամեն ինչի հետ եւ մի տեղ դասավորվել:

Ադրբեջանը «հախուռն աղմուկ-աղաղակը» երկարաձգելու հնարավորություն ունի` մարդկային ռեսուրսներ, սպառազինություն, քաղաքական որոշում եւ այլն: Այսպես կարող է տեւել եւս մեկ-երկու-երեք տասնամյակ, մեծ հաշվով՝ դրանից Ադրբեջանին ոչ շոգն է խփելու, ոչ` սառնամանիքը: Մի բան էլ ավելի` նրա համար կարգավորումը կարող է ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ ներքին ու արտաքին քաղաքական ծանրագույն բեռ դառնալ, ե՛ւ ազգային ինքնության տրանսֆորմացիայի փորձություն: Այնպես որ, փաստացի իրավիճակը ոչ թե Հայաստանին ու Ղարաբաղին, այլ Ադրբեջանին է լիուլի բավարարում:

Հարցին պետք է մոտենալ այս տեսանկյունից, գնահատել «իսկանդարնամեի» հետեւանքները: Լայնածավալ պատերազմի Ադրբեջանը չի գնա, որովհետեւ ամենօրյա «հախուռն աղմուկ-աղաղակով» Հայաստանին եւ Ղարաբաղին պարտադրել է ապագայի իր ընկալումը: Եւ քանի դեռ «իսկանդարնամեն» Հայաստանում եւ Ղարաբաղում բոլորին չի վարակել, հարկ է նախաձեռնել առողջ ուժերի համախմբում, ասպարեզը մաքրել կեղծ օրակարգերից եւ ռեժիմի առջեւ հստակ դնել Հայաստանը պատերազմից դուրս բերելու, Ղարաբաղի փաստացի ինքնուրույնությունը եւ նրա անվտանգությունը միջազգային երաշխիքներով ամրապնդելու եւ Ադրբեջանի հետ բարիդրացիություն հաստատելու համազգային պահանջ: