10.07.2017 15:55

Լիզա Ճաղարյան. «Ելք» ասելով՝ մուտքի դռանը հերթ են կանգնել

Լիզա Ճաղարյան. «Ելք» ասելով՝ մուտքի դռանը հերթ են կանգնել

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել այսօր։

Կեսից սկսեցի լսել. Փաշինյան Նիկոլն էր խոսում։ Մինչ այդ ինչ էր ասել՝ չգիտեմ, բայց իմ լսելու պահից ոգեշնչված պատմում էր Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ աղբարկղից հայտնաբերած ընտրախախտումների մասին վկայող մի իրեղեն ապացույցի մասին։ Իրեղեն ապացույցի՝ թղթի վրա գրված է եղել (շատերդ կհիշեք), թե հանրապետականները երբ, ինչպես եւ որտեղ ընտրակաշառքը հանձնեն ընտրողին, որ իրենց լավը չուզողները չտեսնեն ու անապահով ընտանիքների հացին վայիս չլինեն։ Ուշադրություն. ասածն այն էր Ելքի անհողդողդ ներկայացուցչի, որ իրենց՝ ելքականներին վերջապե՜ս հաջողվել է գտնել մի փաստաթուղթ, որը Երեւանի ավագանու լեգիտիմությունը սասանելու մե՜ծ հույս է ներշնչում։

Այստեղից հետեւություն. ելքականները Ազգային ժողովի վերջին ընտրությունները լեգիտիմ հայտարարեցին, որովհետեւ աղբարկղերը փորփրել էին, բայց ընտրախախտումների մասին վկայող գոնե մի ճմռթած, յուղոտ, լավ հը՛, թեկուզ կետչուպոտ անձեռոցիկի կտոր չէին գտել, որի վրա գրված լիներ, որ իշխող կուսակցությունը համատարած ընտրակաշառք է բաժանում։ Եթե գտնեին, վերեւն Աստված, ներքեւը՝ ելքականները, անպայմա՛ն պնդելու էին, որ ՀՀ Ազգային ժողովը նույնպես լեգիտիմ չէ։

Չէ՛, չկար այդ «պատմական փաստաթուղթը» աղբարկղում։ Տասնյակ տեսանյութեր կային, որտեղ պարզ երեւում է, որ հանրապետականները գազելներում եւ ընտրատեղամասերում ընտրակաշառք են բաժանում, մի քանի տասնյակ տեսանյութեր էլ կային, թե ինչպես են հանրապետական «գելխեղդները» խոչընդոտում լրագրողների աշխատանքը, ինչ ասես՝ կար, ինչքան ասես՝ ապացույց կար, բայց չկար ա՛յն թուղթը, որի վրա սեւով սպիտակի վրա գրված լիներ, որ հանրապետականները «ննջարաններում» ընտրակաշառք են բաժանում եւ նման աղաղակող ընտրակեղծիքներով արդեն որերորդ անգամ զավթում են Հայաստանի իշխանությունը։

Իսկ քանի որ չկար այդ թուղթը, ելքականները հայտարարեցին, որ Ազգային ժողովի ընտրությունները կայացել են, հանրապետականներն էլ «միակ ընդդիմադիր» այս ուժի տեսակետը տարածեցին աշխարհով մեկ, միջազգային կազմակերպություններն էլ սիրով սկսեցին ընդգծել, որ հինգ տոկոսի շեմը հաղթահարած այդ «միակը» Հայաստանի իշխանությունից պարտք ու պահանջ չունի, եւ հիմա ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում, թե ինչպես են ելքականները լրատվամիջոցներում ատամներով պաշտպանում հանրապետականների լեգիտիմությունը եւ անաչառորեն քննադատում ընտրակաշառակեր Հայաստանի քաղաքացիներին։ Եվ երբեմն այնպիսի ջերմեռանդությամբ են պաշտպանում, որ նույնիսկ Էդիկ Շարմազանովն է նախանձից կապտում։

...Եվ մինչ ես պատմում էի ընթերցողին աղբարկղից ելքականների հայտնաբերած այս հրաշագործ թղթի մասին, այդ ընթացքում ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը լրագրողներին հայտնեց, որ ինքն ուզում է վարչապետի աթոռին տեսնել մի՛միայն Հանրապետական կուսակցության ղեկավարին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միաձայն ընտրված նախագահին, էլի՛։

Ասում եմ, չէ՞։ Սրանք շարմազանովէդիկներին տվել անցել են։ Նույնիսկ նրա՛նք՝ երդվյալ հանրապետականներն են մինչ օրս խուսափում ասել, թե ում են տեսնում վարչապետի աթոռին։