11.07.2017 13:18

ՀՔԾ. Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՔԾ. Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է

«Սասնա ծռերի» քրեական գործից առանձնացած՝ Անդրիաս Ղուկասյանին վերաբերող գործով նախաքննությունն ավարտվել է, գործը հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, տեղեկացնում են հատուկ քննչական ծառայությունից:

 

Ըստ նախաքննության՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է  Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով «խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված՝ իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին»:

Ըստ ՀՔԾ-ի՝ Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:

Արդեն Սարի թաղում, ըստ նախաքննության, Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը:

Նշված եւ այլ արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: