11.07.2017 15:01

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը մթագնել են հայաստանյան ընտրությունները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը մթագնել են հայաստանյան ընտրությունները

Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքը մթագնել է ընտրակաշառքի, քաղծառայողների վրա գործադրված ճնշումների՝ այդ թվում դպրոցներում և հիվանդանոցներում, ինչպես նաև որոշ կուսակցությունների օգտին ձայն կորզելու նպատակով ընտրողների ահաբեկման մասին պնդումների պատճառով, ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայաստանյան ընտրությունների դիտորդական առաքելության հրապարակված վերջնական զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ դիտորդների գնահատմամբ, ընտրարշավում տեղ գտած այս խնդիրները և ընտրությունների օրը և դրանից հետո քվեարկության գաղտնիության վերաբերյալ հնչեցված նշանակալի կասկածները մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ:

«Իշխանությունները և քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը և քայլեր ձեռնարկելով, որպեսզի ընտրողների նկատմամբ ճնշումներ չգործադրվեն որոշակի ընտրական հանդիպումների մասնակցելու կամ որևէ կոնկրետ ձևով քվեարկելու համար», - ասված է զեկույցի՝ քարոզարշավին վերաբերող բաժնում:

Նշելով, որ քվեարկության բուն գործընթացը լավ էր կազմակերպված, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, այդուհանդերձ փաստում է, որ միջազգային դիտորդները լարվածություն և ընտրողների ահաբեկման փորձեր են նկատել ընտրատեղամասերում եւ դրանցից դուրս:

«Դատական համակարգի, ընտրությունների կազմակերպման և իրավապահ համակարգի անկախության բացակայությունը և բողոքներին ընթացք տալու պրակտիկան կասկածի տակ են դնում իրավական ճանապարհով դրանց բավարարման արդյունավետությունը, ինչը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի նկատմամբ երկրի ստանձնած պարտավորություններին և Եվրոպայի Խորհրդի չափանիշներին», - նշվում է զեկույցում: