11.07.2017 16:40

Մոսկվան մտադիր չէ երկարաձգել Թաթարստանի հետ պայմանագիրը

Մոսկվան մտադիր չէ երկարաձգել Թաթարստանի հետ պայմանագիրը

Մոսկվան մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի Դաշնության եւ Թաթարստանի միջեւ լիազորությունների տարանջատման մասին պայմանագիրը, ինչպես նաեւ կնքել նոր պայմանագիր: Ինքնավար հանրապետության իշխանությունները փոխարենը զիջումներ են խնդրում, տեղեկացնում է RBK-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Զուտ խորհրդանշական բնույթ կրող պայմանագիրը հաստատվել է 2007-ին՝ տասնամյա ժամկետով, այսինքն, մինչեւ 2017-ի հուլիսի 24-ը:

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել պայմանագրի մասին հնչեցրած հարցին:  

Մինչդեռ, Թաթարստանում պայմանագրի շուրջ առաջացած իրավիճակը ցավով է ընկալվում, Կազանում պնդում են երկարաձգել փաստաթուղթը: Ըստ աղբյուրի, իմանալով, որ Կրեմլը պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը, Կազանում ձգտում են գոնե որոշ արտոնությունների հասնալ, մասնավորապես, հստակեցնել հանրապետության ղեկավարի տիտղոսի հարցը: Թաթարստանը ՌԴ միակ դաշնային սուբյեկտն է, որի ղեկավարը մինչ օրս կոչվում է նախագահ: Թաթարստանի նախագահի մամուլի խոսնակը, անդրադառնալով հարցին, նշել է, որ «պետք չէ գրգռել մարդկանց»:

90-ականների պրակտիկայի համաձայն, դաշնային կենտրոնը ինքնավար սուբյեկտների հետ լիազորությունների բաշխման մասին պայմանագրեր էր կնքում: 1998-ին այդպիսի 46 պայմանագրեր կային: Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում այդ պրակտիկան մոռացության տրվեց. այժմ միայն Թաթարստանը նման պայանագիր ունի: 1994-ին կնքված առաջին պայմանագրով Թաթարստանը անկախ պետությանը հատուկ մի շարք ատրիբուտներով էր օժտվում, մասնավորապես, ստանալով սեփական հարկեր սահմանելու, քաղաքացիության, ազգային բանկի, բնական պաշարների տիրապետման լիազորություններ:

2007-ի պայմանագրով դրանք էականորեն կրճատվել են, մասնավորապես, Կազանին է վերապահվում ռուսերենին զուգահեռ թաթարերենով անձնագիր տրամադրելու իրավունքը: