12.07.2017 10:38

Սերժ Սարգսյանը Ալեքսանդր Արզումանյանին դեսպան է նշանակել

Սերժ Սարգսյանը Ալեքսանդր Արզումանյանին դեսպան է նշանակել

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրաչյա Աղաջանյանին ազատել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) է նշանակվել Ալեքսանդր Արզումանյանը: 

Հիշեցնենք, որ Արզումանյանը եղել է ԱԻՄ կուսակցության հիմնադիր անդամներից: 98-ից հետո անդամագրվել է ՀՀՇ-ին, 2011-ին, սակայն, դուրս է եկել ՀՀՇ-ից, եւ մեկ այլ նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանի հետ հիմնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: 2012-ին Արզումանյանը «Ժառանգություն» կուսակցության ցուցակով դարձել է ԱԺ պատգամավոր, ապա լքել խմբակցությունը, հետո լքել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը: Դրանից հետո երկու նախկին ՀՀՇ-ականների՝ Կարապետ Ռուբինյանի եւ Արարատ Զուրաբյանի հետ  նախաձեռնել է «ՀՀՇ վերագրանցումը» եւ հայտարարել, թե նոր կուսակցություն են ստեղծում՝ ՀՀՇ անունով: Որոշ ժամանակ անց Ռուբինյանը լքել է նրանց շարքերը, իսկ Արզումանյանն ու Զուրաբյանը, «որպես ընդդիմադիր»՝ մասնակցել են սահմանադրական փոփոխությունների շրջանակներում նախագահականում արված հայտնի ֆոտոսեսիային:

Ու ինչպես այդ հանդիպումներին մասնակցած գրեթե բոլոր անձինք, Արզումանյանն ու Զուրաբյանը ԱԺ ընտրություններից հետո անվարձահատույց չմնացին:

Արզումանյանը նշանակվեց դեսպան, իսկ Զուրաբյանը՝ «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում դարձավ պատգամավոր: Ընդ որում, վերջինս այդ մանդատը ստացավ հայտնի սկանդալի արդյունքում: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո դաշինքի ներկայացուցիչները պատգամավոր դարձած մի քանի հոգու անունից հրաժարականի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ: Նրանց մեծ մասը, սակայն, դիմել էր ԿԸՀ՝ պնդելով, թե այդ դիմումներից տեղյակ չեն, եւ որ վերցնելու են մանդատները: Հետագայում, նրանց մի մասն, այդուհանդերձ, չվերցրեց մանդատները, իսկ Զուրաբյանը հայտարարեց, թե  ԱԺ առաջին նիստի ժամանակ վայր կդնի մանդատը: Ասաց, ու այդպես էլ վայր չդրեց: