12.07.2017 11:23

Չարենցի փոխարեն՝ Սեւակ. Ովքեր պատկերված կլինեն նոր թղթադրամների վրա

Չարենցի փոխարեն՝ Սեւակ.  Ովքեր պատկերված կլինեն նոր թղթադրամների վրա

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Նշվում է, թե խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:

«ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան, հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք.

1) նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ,

և

2) լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում»:

«ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից: Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն: Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ: Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը»,-  փոխանցում է ԿԲ-ն:

Այսպիսով, նոր թղթադրամների վրա փոփոխություններ կլինեն.

1 000 դրամանոց թղթադրամի վրա Եղիշե Չարենցի փոխարեն պատկերված կլինի Պարույր Սևակը

2 000 դրամի վրա՝ Տիգրան Պետրոսյանը:  

5 000 դրամի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը

10 000 դրամի վրա Ավետիք Իսահակյանի փոխարեն պատկերված կլինի Կոմիտասը

20 000 դրամի վրա Մարտիրոս Սարյանին կփոխարինի Հովհաննես Այվազովսկին

50 000 դրամի վրա Ս. Էջմիածնի Մայր Տաճարի պատկերին կփոխարինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Հավելենք, որ ըստ ԿԲ-ի, 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: