12.07.2017 12:41

Լիզա Ճաղարյան. Վճռական Ալիկի դեսպան նշանակվելու հետքերով

Լիզա Ճաղարյան. Վճռական Ալիկի դեսպան նշանակվելու հետքերով

Ոմանք դժգոհում են, որ ես հաճախ եմ անդրադառնում նախկին կոնգրեսականներին։ Դե՛, այն աննկուն մարտիկներին, որոնց ծառս եղած ըմբոստության համար Կոնգրեսի պատերը նեղ էին։

Ներեցեք, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ աչքիս առաջ շարվեշարան ծախվեցին ու ծախվում են թանկագին աննկունները։ Ձեւացնեմ, որ չե՞մ տեսնում, ինչ է թե՝ ձեր նրբանրբին քիմքին հաճո՞ չէ ձեր նախկին «հերոսների» ողորմելիությունն ի ցույց դնելը։

Մեղավո՞ր եմ, որ դեռ հիշողությունս չի դավաճանել ինձ, եւ հատիկ-հատիկ հիշում եմ, թե Կոնգրեսից հեռացողներն ինչ բոցաշունչ հարցազրույցներ էին տալիս Կոնգրեսի թուլացումը երազող իշխանությունների կամակատար լրատվամիջոցներին, հիշում եմ, թե Ֆեյսբուքում ինչ հրավառություն էր ընդդեմ անվճռական Կոնգրեսի եւ լուսապսակների ինչ հրավառություն էր բարիկադների վրա հանուն ազատության «ողջակիզվելու պատրաստ» տղերքի արեւաճաճանչափայլ գանգատուփերն ի վեր ու ի վար։ 

Թե՞ մեղավոր եմ, որ քաղաքական կարկառուն վերլուծաբան չեմ, բայց, ի տարբերություն անաչառներիդ, էն գլխից էի հասկացել, որ սրանց նպատակը Հայաստանն ազատագրելը չէ հանցագործ իշխանությունից, ընդամենն ուզում էին ասպարեզում գործող միակ հզոր ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի միջոցով ոսկոր փախցնել, չարդարացավ իրենց հույսը, եւ որոշեցին այդ հյութալի ոսկորը կրծել հենց այդ նույն հանցագործ իշխանության տանիքի տակ։

Թե՞ մեղավոր եմ, որ տեսնում ու հասկանում եմ (ոմանց դեպքում՝ ցավով), որ սրանց հերոսացնողներիդ գերագույն նպատակը նույնպես Կոնգրեսին թուլացնելն էր, եւ ցանկացած միջակության պատրաստ էիք աստվածացնել՝ միայն թե Կոնգրեսին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարվածեն։ Եվ հենց դա է պատճառը, որ ձեր «հերոսների» անփառունակ «կզոցները» տեսնելիս խուլուհամր եք ձեւանում, ավելին՝ խղճուկ փաստարկներով փորձում եք արդարացնել նրանց ճղճիմ առուծախը հանրապետականների հետ։

Ինչի՞ հասաք։

Մեղավո՞ր եմ, որ այս հարցն ինձ հանգիստ չի տալիս։ Եվ հարցի պատասխանը սահմռկեցնող է։ Այո՛, կեցցե՛ք, հասաք Կոնգրեսի թուլացմանը։ Գլուխը քարը Կոնգրեսը։ Հասա՛ք հանցագործ իշխանության առավելագույն հզորացմանը։

Որտե՞ղ է ձեր հզոր, վճռական ընդդիմությունը, ցու՛յց տվեք, ուզում եմ գնալ եւ միանալ այդ հզորներին, ու՞ր կորան ձեր անձնազոհ ողջակիզվողները։

Չկան։ Ամեն մեկն զբաղված է իր փախցրած ոսկորը կրծելով կամ իր «վաստակած հանգիստն» է վայելում. «հերոսների» ցուցակում արդեն ապահովել են իրենց տեղը, կարող են արդեն Սողոմոն իմաստունի հանգույն ժամանակ առ ժամանակ մեծահոգաբար «հրովարտակներ» հղել սովորական մահկանացուներիս։ Կհասկանանք՝ կհասկանանք, չենք հասկանա՝ հեչ էլ հասկանանք։ Իրենք է՜ն վերեւներում են, Կոնգրեսին քրքրող անաչառների շնորհիվ յոթերորդ երկնքում վայելում են իրենց «վճռականությունը», «ներքեւների» հերն էլ անիծած։

Ասեմ՝ վայելե՞ք ձեր եփած բորշչը, հենց դրան էլ արժանի՞ եք։

Կասեի հաճույքով, եթե դրանից միայն դուք տուժեիք։

Բայց ո՞նց ասեմ, եթե կույր չեմ ու տեսնում եմ, որ պետություն ենք կորցնում։

Ո՞նց ասեմ, եթե ամեն զոհվող զինվորի հետ մենք էլ ենք մեռնում։

Բոլո՛րս։

Նույնիսկ՝ զոհված պատանու անշունչ մարմնի վրա գիշերները հրավառություն անող երկոտանի կենդանիները։

Չէ՛, հույս չփայփայեք, որ «վճռականների» թեման մոռացության եմ մատնելու։ Նրանց մատները նույնքան արյունոտ են, որքան սրանց ոսկոր շպրտող հանրապետականներինը։ Եվ սրանց հերոսացնողները նույնքա՛ն աջակցեցին հանրապետականների հզորացմանը, որքան՝ իշխանության կամակատար սազանդարները։

Կամա թե ակամա՝ ի՞նչ է փոխվում դրանից։