12.07.2017 14:48

«Միայնակ Գայլը» ևս տուժող ճանաչվեց. Ազատություն

«Միայնակ Գայլը» ևս տուժող ճանաչվեց. Ազատություն

«Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը օրերս դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործի շրջանակում ճանաչվել է տուժող: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Վերջինս նշել է, որ այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ՀՔԾ քննիչը: Նախօրեին նույն գործի շրջանակում տուժող էր ճանաչվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբանին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց: Միջադեպի առիթով ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ: