12.07.2017 15:14

Սերգո Տոնոյան. Վերադարձ դեպի նախանցյալ դար

Սերգո Տոնոյան. Վերադարձ դեպի նախանցյալ դար

Ժամանակին, երբ Ալեքսանդր Թամանյանը ահազանգում էր Երևանի բերդի քանդման կապակցությամբ՝ պահանջ դնելով կատարել չափագրումներ, պեղումներ եւ արժեքավոր գտածոները հանձնել պահպանության, ո՛չ անողոք բոլշեւիկյան իշխանությունները, ո՛չ էլ Երեւանի մի քանի տասնյակ հազար քաղաքացիները չէին կիսում մեծանուն վարպետի մտահոգությունը։ Շատերը երեւույթը բացատրում էին տեղացի հայերի՝ թուրք-պարսկական տիրապետության նկատմամբ ունեցած մեծ ատելության հետ, ինչի խորհրդանիշն էր թուրք փաշաների եւ պարսից խաների նստավայր՝ Երեւանի բերդը, որն անուշադրության էր մատնած դեռեւս նախորդ՝ 19-րդ դարից, երբ Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը։

Մի քանի տարի առաջ, երբ մերօրյա իշխանությունների «բարձր հովանո ներքո» քանդում էին Աֆրիկյանների եկամտաբեր տունը, որը Հայաստանի նախախորհրդային շրջանի՝ կապիտալիստական կյանքը բնորոշող կառույցներից մեկն էր, որպես հիմնավորում բերվում էր Տերյան փողոցի լայնացման անհրաժեշտության հանգամանքը։ Երեւանի պատմությունից մեզ հայտնի է, որ դեռեւս 1892թ․քաղաքի ոստիկանապետի գլխավորությամբ ստեղծվել էր մի հանձնախումբ, որին վստահած էր որոշելու, համաձայն գլխավոր հատակագծի՝ որտեղով եւ ինչպիսի փողոցներ պետք է անցկացվեն, ինչպիսի հողատարածություններ ու շենքեր են ընկնելու նոր բացվելիք փողոցների տակ, եւ ինչ եղանակներով պետք է յուրացվեն այդ տարածությունները։ Արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտվում էին ոչ միայն հողատարածությունների կատարյալ քաոսային դասավորության, այլ նաեւ որոշ անվանի վաճառականների եւ ձեռնարկատերերի՝ վերակառուցումների համար նախատեսած հատվածներում բնակելի տներ ունենալու պատճառով։ «Անվանի» այս մարդիկ ջանք չէին խնայում, որպեսզի վերակառուցման ընթացքում հաշվի նստեն իրենց հետ, եւ իրենց առանձնատներն ու մյուս ունեցվածքները չենթարկեն պլանի տակ դնելու վտանգին։ Պատահում էին նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ որեւէ «անվանի» մարդու տան պատճառով փոխում էին փողոցի ուղղությունը կամ զգալի շեղումներ կատարում արդեն հաստատված հատակագծից։ Այսպես, օրինակ՝ Նահանգական (Ալավերդյան, ներկայումս՝ Հանրապետության) փողոցի մի հատվածի լայնությունը բավականին փոքրացնում են միայն այն բանի համար, որ Աֆրիկյանների ու ոմն Հաջի Համիդ Մամեդ-օղլիի տներն ընկնում էին կարմիր գծից ներս[1]։

Եւ ահա, ավելի քան մեկ դար անց մերօրյա մեծահարուստների բիզնես-ծրագրերի զարգացման նպատակով եւ, բնականաբար, փողոցի ընդլայնման նո՛ւյն հիմնավորմամբ քանդվեց Տերյան փողոցի նու՛յն Աֆրիկյանների՝  արդեն անպաշտպան մնացած տունը։

Ավելին, այս տարածքում ներկա պահին կառուցվող հյուրանոցային համալիրը ներառում է նաեւ Ալ․ Թամանյանի նախագծած հայտնի (Պուշկինի 25) մանսարդային շենքը, որի տանիքից վեր է խոյանում Երեւանի կենտրոնի՝ կարծես թե ամենաբարձր շենքը։ Դրա երկայնքով ձգվող Պուշկինի փողոցը մինչեւ Սարյան փողոց դեռեւս պահպանում է Ալ. Թամանյանի՝ 1924թ․ հաստատված գլխավոր հատակագծով սահմանած հարկայնությունը։ Նոր կառուցվող հյուրանոցի շենքն արդեն իսկ կանխորոշում է 1920-ականների երկրորդ կեսին (հիմնականում՝ ճարտարապետ Բագրատ Արազյանի նախագծերով) կառուցած այս հատվածի ճակատագիրը։

Երբ վաղը հերթը հասնի այս շերտի քանդմանը կամ վերակառուցմանը, ինչպես 19-րդ դարի մեկհարկանի մի կառույց էր բնորոշվել որպես «սարայ», այնպես էլ խորհրդային տարիների կառուցապատումը կդիտարկվի որպես բռնատիրական համակարգի օրոք ստեղծած եւ հասարակության մեջ խորը ատելություն վայելող մի շերտ, որի ոչնչացմանը, այդժամ, շատ քիչ բան կխանգարի։

Այսօրվա քաղաքային իշխանությունները, իրենց «հերոսի տեղ դնելով»՝ ապամոնտաժում են Թումանյան փողոցի մայթին տարիներ շարունակ գոյություն ունեցող սրճարանների տաղավարները, որոնք մայթի այդ հատվածը անցնելու համար մարդկանց ստիպում էին դուրս գալ եւ քայլել փողոցով: Ինչո՞ւ չեն ապամոնտաժվում բազմաթիվ այլ «օբյեկտներ», որոնք ոչ թե հասարակ մայթեր են գրավել, այլ զավթել են ամբողջ թաղամասեր: Դժբախտաբար, պատասխանը նույնն է. ինչպես որ նախանցյալ դարում՝ իշխանության հետ սերտաճած շատուշատ ձեռնարկատերեր, առաջին հերթին, մտածում են իրենց շահի մասին, եւ հետո միայն, բարերարության քողի տակ, ինչ-որ գործ կատարում մնացածի համար, նույնն էլ՝ իշխանությունը, առավել եւս՝ ձեռնարկատիրությամբ զբաղվող իշխանությունը:

 

[1] Հակոբյան Թ. , Երեւանի պատմությունը, 1879-1917թթ., Երեւան 1963, էջ  282-284