12.07.2017 15:53

«Մարտնչող տգիտություն». Հաց բերողի պաշտպանների դեմ գործի քննությունը շարունակվում է

«Մարտնչող տգիտություն». Հաց բերողի պաշտպանների դեմ գործի քննությունը շարունակվում է

Հայաստանի փաստաբանների պալատը շարունակում է ընդդեմ փաստաբան Տիգրան Եգորյանի կարգապահական վարույթի քննությունը: Եգորյանի դեմ վարույթ է հարուցել պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի դիմումի հիման վրա: Դիմումատուները, մասնավորապես, պնդում են, որ Տիգրան Եգորյանը բավարար միջոցներ չի ձեռնարկել՝ իր պաշտպանյալ Արթուր Սարգսյանին («Հաց բերողը») կալանքից ազատելու համար: Մինչդեռ, Արթուր Սարգսյանն իր կենդանության օրոք մի քանի անգամ տարբեր հարթակներում հայտարարել է, որ իր պաշտպանների հետ որեւէ անհամաձայնություն չունի եւ լիովին վստահում է նրանց: Պալատի խորհրդի նիստում դիմող կողմը հրաժարվեց պատասխանել հարցերին, իսկ Տիգրան Եգորյանն ու իր ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը հաստատող մի շարք ապացույցներ ներկայացրին:

Նախօրեին երեկոյան կայացած նիստում բացատրություն տվեց Տիգրան Եգորյանը: Նա, մասնավորապես, տարակուսանք հայտնեց, որ Փաստաբանների պալատի նախագահն այս դիմումով վարույթ է հարուցել, քանի որ, ըստ Եգորյանի, դիմումատուները «պատահական անցորդներ են»՝ նրանք ոչ միայն կապ չունեն Արթուր Սարգսյանի գործի հետ, այլեւ իրենց պնդումների մեջ իրավական մի շարք սխալներ են թույլ տվել: Փաստաբանի խոսքով, դիմումատուները չեն տարբերում բժշկական կոնսիլիումը դատա-բժշկական փորձաքննությունից, նրանք վատ են պատկերացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը, իսկ դիմող Արուսյակ Հայրապետյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը  Եվրամիության դատարանն է (ՄԻԵԴ-ը ԵՄ հետ ուղղակի կապ չունի, դրա իրավազորությունը տարածվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած բոլոր երկրների վրա-խմբ.):  

Տիգրան Եգորյանը նաեւ ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ դիմումատուները իրեն մեղադրում են այն բանի համար, որ նա դիմել է ՄԻԵԴ՝ առանց հայաստանյան ներպետական ատյանները սպառելու, այդպիսով, իբր, վնաս հասցնելով երկրի միջազգային վարկին:
«Սա ավելի շուտ քաղաքական որոշ կուսակցություններին հատուկ պոպուլիզմ է, քան իրավապաշտպանի մտահոգություն», - նշեց Եգորյանը: Նա, ընդհանուր առմամբ, դիմումատուների գործողությունները «մարտնչող տգիտություն» որակեց:

Փաստաբանը շեշտեց նաեւ, որ Թեհմինե Ենոքյանն ու Արուսյակ Հայրապետյանը իրենց դիմումի հիմքում դրել են տեղեկություններ, որոնց տիրապետում են բացառապես Արթուր Սարգսյանի փաստաբաններն ու գործը քննող պետական մարմինները: Ըստ Եգորյանի, փաստաբանները որեւէ երրորդ կողմի այդ տեղեկությունները չեն փոխանցել, հետեւաբար, պետք է քննության առարկա դառնա նաեւ դիմումատուների աղբյուրների եւ շարժառիթների հարցը:

Եգորյանը նշեց, որ այս դիմումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ ընդհանրապես փաստաբանական գործողությունների համար, որովհետեւ, ըստ նրա, փաստաբանի եւ իր վստահորդի միջեւ մխրճվում է մի երրորդ անձ, որը, ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերելով գաղտնիք պարունակող տեղեկություններ, փորձում է միջամտել փաստաբանի գործունեությանը՝ դրանով վնաս հասցնելով պաշտպանությանը:  Եգորյանի խոսքով, փաստորեն, ցանկացած մարդ կարող է ինչ-ինչ շարժառիթներից դրդված դիմում ներկայացնել Փաստաբանական պալատ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել փաստաբանի դեմ՝ այդպիսով իսկ վտանգի տակ դնելով նրա պրոֆեսիոնալիզմն ու գործարար համբավը:

Ընդ որում, ըստ Եգորյանի, այս միջամտությանը դեմ էր հենց ինքը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը: Նա նույնիսկ այցելել է «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամ եւ հորդորել չմիջամտել իր եւ իր փաստաբանների գործերին: Այդ հորդորը Սարգսյանը հնչեցրել է նաեւ «Հետք»-ին տված հարցազրույցում:  

Փաստաբաների պալատի խորհուրդը նախագահող Կարեն Մեժլումյանը նշեց, որ գործի քննության կարեւոր տարրերից մեկն այն է՝ արդյո՞ք Եգորյանը կարող է փաստեր ներկայացնել, որ պետական որեւէ պատկան մարմնի ներկայացրել է Արթուր Սարգսյանի հիվանդության մասին վկայող փաստաթղթերը, ինչը կարող էր հիմք հանդիսանալ նրան կալանքից ազատելու համար: Եգորյանն ի պատասխան նշեց, որ իր պատասխանը կարող է փաստաբանական գաղտնիք  բացահայտել եւ վնասել վերպետական ատյաններում Սարգսյանի հետագա պաշտպանության գործին: Խորհուրդը տեղեկացրեց, որ պատրաստ է դռփակ ռեժիմի անցնել՝ գաղտնիքը չհրապարակելու համար:  Եգորյանը նիստի ավարտին համաձայնեց փակ ռեժիմով խորհրդին ցույց տալ որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Արթուր Սարգսյանի հիվանդության առաջացման, զարգացման նկարագրին:

Իսկ մինչ այդ Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց իր վստահորդի դիրքորոշումը հաստատող ապացույցներ, մասնավորապես՝ Արթուր Սարգսյանի եւ նրա ազգականների հարցազրույցներով սկավառակներ, Սարգսյանի նամակը, որով նա խնդրում է իր շահերի պաշտպանությամբ մտահոգ բոլոր անձանց՝ իրենց գործողությունները համաձայնեցնել իր եւ իր պաշտպանների հետ: Ներկայացվեցին նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պարզաբանումները, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է 2016 դեկտեմբերի 30-ին Սարգսյանը սգորագրությամբ ազատ արձակվել: Պատասխանողը ներկայացրեց նաեւ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի՝ սոցցանցերում արած մի քանի գրառումներ, որոնք, ըստ Լուսինե Հակոբյանի, վիրավորական արտահայտություններ են պարունակում եւ փաստացի բացատրում են Եգորյանի դեմ վարույթ հարուցելու շարժառիթները:

Հակոբյանը, ի դեպ, նշեց նաեւ, որ ամենայն հավանականությամբ, նախկին լրագրող Թեհմինե Ենոքյանն այս գործով փորձում է անձնական վրեժ լուծել Եգորյանից: Ենոքյանը, մասնավորապես, «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության (որոնց անդամներ են Տ. Եգորյանն ու Լ. Հակոբյանը-խմբ.) պատվերով տարիներ առաջ ֆիլմ է նկարահանել, այնուհետեւ՝ դժգոհություն է հայտնել, որ իր անձը բավարար չափով մեծարված չէ, եւ խոստացել է դրա համար վրեժ լուծել ԻԵՄ-ից, ինչն այժմ անում է:

Ապացույցների ներկայացումից հետո դիմող Թեհմինե Ենոքյանը հայտարարեց, որ այս գործում հանդես է գալիս որպես ՀՀ քաղաքացի եւ ոչ որպես լրագրող: Նա հայտնեց, որ «Հաց բերողի» գործին միջամտել է ՀՔԾ քննիչներից մեկի օգնությամբ՝ նրանից վերցրել է Սարգսյանի գործը քննող քննիչի համարը եւ ներկայացրել նրան իրեն հուզող հարցերը: «ՀՔԾ-ում հայտնվել եմ բացառապես իմ կամքով», - ասաց Ենոքյանը:

Փաստաբանների պալատի խորհուրդը հետաձգեց նիստը՝ ներկայացրած ապացույցները քննելու համար: